* Հոլովակը դիտել լիէկրան (Fullscreen)


Սխալ պատկերացումները սիրո ու ամուսնության մասին մեզանում շատ տարածված են: Նախևառաջ' շատերը հակված են մտածելու, որ ուժեղ սեռական հակումը խոսում է սիրո մասին, կարծում են, թե սեռական ներդաշնակությունն արդյունք է իսկական զգացմունքի: Մարդիկ, ովքեր սեքսը սիրո հետ շփոթելով ամուսնանում են, շատ հաճախ բաժանվում են իրարից, երբ սիրահարության փայլն սկսում է խամրել, և առօրեական հոգսերի մեջ սկսում է ավելի ակնհայտ արտահայտվել կնոջ և ամուսնու եսասիրությունը:


Ըստ տարածված մոլորության' ամուսնությունը հանդարտեցնում է «ամենատաքգլուխ» երիտասարդներին, քանի որ ջերմ ընտանեկան օջախի զգացումը կարող է վերջ դնել բազմազան ու պատահական կապերին, գիշերային վտանգավոր արկածներին… Հոգեբան Չաք Ֆոլքենի պնդմամբ' իսկապես որոշ դեպքերում դա այդպես է, բայց անվերապահ հույս ունենալը սխալ է, որովհետև շատ մարդիկ ամուսնությունից հետո էլ շարունակում են նույն անկանխատեսելի ու անբարո կենսակերպը:


Սխալվում են նաև նրանք, ովքեր գտնում են, թե պսակադրությունն իրենց ավելի երջանիկ կդարձնի նախկինի համեմատ: Այո, ամուսնական հարաբերությունները բերում են նոր ուրախություններ ու երջանիկ պահեր, բայց ամեն մի ամուսնական կապ, մանավանդ երբ վերանում է նորության ու ռոմանտիկայի զգացումը, պահանջում է հսկայական ջանքեր, զոհողություններ ու փոխզիջումներ:


Ինչքան ավելի փոքր տարիք ունեն մարդիկ ամուսնանալու պահին, անքան ավելի քիչ կայուն է նրանց կապը: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մինչև 20 տարեկան մարդկանց ամուսնությունների մոտ 75%-ը ավարտվում են ապահարզանով: Ապագա ապահարզանի հավանականությունը մեծանում է նաև այն դեպքում, երբ նորապսակներն իրար հետ ծանոթ են ոչ երկար ժամանակ: Չափազանց անխելամիտ է ամուսնական դաշինք կնքել մի մարդու հետ, ում ճանաչում ես մեկ տարուց քիչ: Առանց շարունակական /առնվազն մեկ տարվա/ շփումների դուք չեք կարող պատկերացնել' ինչպիսին կլինեն ձեր հարաբերությունները ամուսնությունից հետո, երբ անցած կլինի ռոմանտիկ սիրահարությունը:
Պետք է ձգտել որքան հնարավոր է բազմազան շփումների մեջ մտնել ապագա կողակցի հետ. դրանց շնորհիվ միայն կարելի է պատկերացում կազմել նրա բնավորության գլխավոր գծերի մասին ու հասկանալ' որքանով եք համապատասխանում իրար:

 


Ամբողջական՝ լսիր հոլովակում