Սիրելի սգակիր հարազատներ և ժողովուրդ,


Վիշտ և տրտմություն է ամենքիս սրտերում փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի մահվան տխուր առիթով:


Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության վշտին մեր հոգում հավելվեց նաև ընտանիքի փոքրիկի կորստի ցավը: Սգում ենք ամենքս այս դժվարին պահին և աղոթում փոքրիկի հոգու խաղաղության և հանգստության համար' խնդրելով, որ Տերը երկնքի լուսեղեն օթևաններում ընդունի ննջեցյալ մանկան լույս հոգին:


Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով' հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:


Աղոթում ենք վերստին Ավետիսյան ընտանիքի զոհված անդամների հոգվոց հանգստության համար, որպեսզի Տերը արարչական Իր սիրով արժանացնի հավիտենական կյանքի երանությանը և Սուրբ Հոգով մխիթարի վշտացյալ բոլոր սրտերը:


Առ Բարձրյալն Աստված Մեր հայցն ենք վերառաքում, որ այլևս նման փորձություններ չտեսնի հավատավոր մեր ժողովուրդը և ապրի խաղաղության ու ապահովության մեջ:


Թող Տերը զորակից լինի մեզ և Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի ազգս հայոց:
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի. ամէն:

 

 


Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյան