ՈՒԹ ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ 2007-Ի ՀՈՒՆՎԱՐԻ 19-ԻՆ, ԶԻՆՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՊԱՆՎԵՑ ՍՏԱՄԲՈՒԼԻ «ԱԿՈՍ» ԹԵՐԹԻ ԽՄԲԱԳՐԱՊԵՏ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԸ։

 

ՀԱՏՎԱԾ ՀՐԱՆՏ ԴԻՆՔԻ ՎԵՐՋԻՆ ՀՈԴՎԱԾԻՑ

 

Ցավալի էր, որ նպատակին հասել էին նրանք, ովքեր ինձ մեկուսացնելու, տկար եւ անպաշտպան դարձնելու համար ջանք չէին խնայում: Ավելին, հասարակությանը կեղծիքներով ապակողմնորոշելու եւ սխալ տեղեկություններ հաղորդելու միջոցով նրանց հաջողվել էր ձեւավորել մարդկանց զգալի մի շրջանակ, որը Հրանտ Դինքին դիտում էր իբրեւ «թուրքերին նսեմացնող» անձ:

 

Իմ համակարգչի հիշողությունը լի է այս շրջանակից տարբեր քաղաքացիների ուղարկած հարյուրավոր նամակներով, որոնք զայրույթ եւ սպառնալիք են պարունակում: Պետք է ասել, որ ինտերնետային այդ նամակներից մեկն ուղարկված է Բուրսայից, որի բովանդակության վտանգավորության մտահոգությամբ դա հանձնել եմ Շիշլիի դատախազություն, սակայն առ այսօր որեւէ պատասխան չեմ ստացել, որի մասին հարկ եմ համարում տեղեկացնել:

 

Ինչ խոսք, չեմ կարող ասել, թե այս սպառնալիքները որքանով են իրատեսական, որքանով՝ ոչ: Իսկ ինձ համար սպառնալիքի բուն աղբյուրը հոգեբանական այն տանջանքն է, որն ապրում եմ ինքս: Ուղեղս տագնապած էր «Հիմա մարդիկ ի՞նչ են մտածում իմ մասին» հարցով: Ցավոք, ներկայումս ինձ ավելի շատերն են ճանաչում, քան առաջ, եւ զգում եմ, որ մարդիկ շշուկով ասում են իրար. «Նայիր, սա այն հայը չէ՞»: Ինձ պատող տանջանքի մի կողմում հետաքրքրությունն է, մյուսում՝ մտահոգությունը: Մի կողմում՝ զգոնությունը, իսկ մյուսում՝ երկչոտությունը:

 

Ինչպես աղավնին, նրա պես հայացքս ուղղում եմ աջ, ձախ, հետ ու առաջ: Գլուխս նրա գլխի նման անընդհատ շարժման մեջ է, իսկ շարժումները՝ նույնքան արագ: Ահա սա է այն ամենի գինը: Ի՞նչ էր ասում արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Ի՞նչ էր ասում արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեքը:

 

Ասում են. «Կարիք չկա 301-րդ հոդվածն այսքան չափազանցնելու: Մի՞թե այս հոդվածով որեւէ մեկը դատապարտվել կամ բանտարկվել է»: Կարծես գին վճարելը միմիայն բանտարկություն է ենթադրում: Ահա ձեզ այս ամենի գինը… Ահա գին վճարելը… Ով նախարարներ, դուք գիտե՞ք այս մասին, թե ինչպիսի ծանր գին է մարդուն դատապարտելն աղավնու երկչոտությանը: Գիտե՞ք: Մի՞թե երբեւէ աղավնի չեք տեսել:

 

 


Հայե՛ր, գիտե՞ք, որ