«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների» ՀԿ նախագահ Ստեփան Ասլանյանը, ով բավականին ակտիվ էր նախորդ հոկտեմբերից ուժի մեջ մտած ՓՄՁ-ների մասին նոր օրենքի քննարկումների ժամանակ, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտարարել է. «Մենք ասում ենք՝ թող շրջանառության հարկի մասին օրենքը գործի, բայց թող դրան զուգահեռ գործի նաև ալտերնատիվ տարբերակ՝ 3.5 տոկոս, և թող մարդիկ ընտրեն, թե որ դաշտում են ուզում աշխատել:


Եթե մարդը կամենում է քիչ հարկ վճարել, ապա հասկանալի է, որ կաշխատի շրջանառության հարկի դաշտում, իսկ եթե ոչ՝ ուրեմն կաշխատի 3.5 տոկոս հարկի շրջանակներում: Սա է հիմնականը»:


Ավելի տհաս բան չէի հանդիպել, ի՞նչ է նշանակում, եթե մարդն ուզում է քիչ հարկ տա, թող այս օրենքով աշխատի, իսկ եթե ուզում է 3.5 անգամ ավելին վճարել, թող ալտերնատիվ օրենքից օգտվի:


Այսինքն՝ եթե բոլորը մաքուր են աշխատում, ապա ինչո՞ւ են ուզում 3.5 անգամ ավելի հարկ վճարել, կամեցող ե՞ն, թե՞ մնացածներից շատ են մտածում պետական բյուջեի մասին, ինչ որ աբսուրդության հոտ է փչում:


Ժամանակին օրենքը մինչև փետրվար սառեցվեց, որի նպատակը ՓՄՁ-ների երկար ժամանակ տալն էր՝ գույքագրումն ավարտին հասցնելու համար:


Մյուս կողմից, Ասլանյանը մատնում է ինքն իրեն՝ հայտարարելով, թե ՓՄՁ-ները թող որոշեն որ դաշտում աշխատեն, այսինքն՝ նկատի ունի օրինակա՞ն, թե՞ ստվերային: Միգուցե առաջարկեն ստվերային դաշտում գործելը հայտարարել տնտեսության գերակայություն ու լեգիտիմացնել այն:

 

 


Արման Ղարիբյան