Որքան մոտենում է հունվարի 20-ին կայանալիք խորհրդաժողովը, այնքան իշխանական և մերձիշխանական նյարդերն էլ ավելի են բորբոքվում։ Ոմանք փորձում են ինչպես միշտ իրենց հարմար տեսանկյունից ներկայացնել այն, ինչ-որ անհեթեթ մեկնաբանություններով և վերլուծություններով և դժվար չէ գուշակել, թե ովքեր և ինչ նպատակով են ցանկանում խեղաթյուրել իրականությունը։ Իրականում շատ մտածել պետք չէ, որպեսզի հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում այդ խորհրդաժողովը։ Բառը ինքնին բացատրում է սպասվելիքը, ժողով, որը նպատակ է հետապնդում խորհուրդների, առաջարկների և քննարկումների արդյունքում նոր թափ հաղորդել շարժմանը և այդ շարժմանը ներգրաված ուժերին և անձանց վերստին հավաստիացնել, որ ցանկացածի կարծիքը և առաջարկը ունի իր ուրույն տեղը և քննարկման ենթակա է, ինչը միանգամայն ողջունելի է: Այս ամենը շատ լավ գիտակցելով, կարծում եմ, նախաձեռնող կողմը՝ ԲՀԿ-ն ամեն կերպ կփորձի հասկացնել իրեն հետևողներին, որ պայքարի մասնիկ կազմող ցանկացած ոք կարևոր է հենց իր՝ ԲՀԿ-ի համար։ Բացի սա կա ևս մեկ կարևոր դրական կողմ այս խորհրդաժողովում. հանրությանը ցույց տալ, որ շարժումը ամենևին չի մարել, այն միշտ կա և փնտրվում են բոլոր հնարավոր տարբերակները լուրջ համակարգային փոփոխություններ իրականացնելու համար։ Ուրեմն, զինվենք համբերությամբ սպասենք հունվարի 20-ին կայանալիք խոհրդաժողովին։
Նինա Մարգարյան