1922-ի հուլիսին Թիֆլիս էր ժամանել իթթիհատական եռապետության անդամ, Օսմանյան կայսրության նախկին ծովային նախարար Ջեմալ փաշան՝ բոլշեւիկների հետ գործակցելու նպատակով։ Հուլիսի 25-ին, Թիֆլիսի Արտակարգ հանձնաժողովի շենքի առջեւ, Ստեփան Ծաղիկյանն իր գործընկերների՝ Պետրոս Տեր-Պողոսյանի ու Արտաշես Գեւորգյանի հետ միասին հաջողությամբ իրականացնում է Ջեմալ փաշայի սպանության գործը։

 

Խորհրդային իշխանությունն անմիջապես եւ խիստ արձագանքում է այս իրադարձությանը․ նախ Մոսկվայում ու Անդրֆեդերացիայի կենտրոն Թիֆլիսում սգո միջոցառումներ են կազմակերպվում, պաշտոնական ցավակցական հեռագրեր են հղվում Ջեմալի ընտանիքի անդամներին ու Մուստաֆա Քեմալին՝ «թուրք ժողովրդի մեծ զավակի ողբերգական մահվան առթիվ», ապա այդ քայլերին հետեւում են հարյուրավոր հայ երիտասարդների ձերբակալությունները, կտտանքներն ու աքսորը։ Ձերբակալվածների թվում էր նաեւ Ստեփան Ծաղիկյանը, որի հետքերը կորչում են արտակարգ հանձնաժողովի բանտախցերում։ 1937 թ․ բռնաճնշումների զոհ են դառնում նաեւ Պետրոս Տեր-Պողոսյանն ու Արտաշես Գեւորգյանը։

Նկարում՝
Ստեփան Ծաղիկյանը