The Guardian կայքը 2015թ. համար որպես լավագույն արկածային հանգստի վայրերից մեկը նշել է նաև ԼՂՀ-ն: Կայքում գրված է, որ այն ունի հարուստ պատմամշակութային ժառանգություն՝ լեռնային վանքեր, ճարտարապետական կոթողներ և զարմանահրաշ տեսարժան վայրեր: Ներկայացվում են նաև այցի հետ կապված ծախսերը: Պարբերականում նշվում է, որ ԼՂՀ-ն հիմա անկախություն է ձեռք բերել, շրջափակված է Ադրբեջանի կողմից, սակայն շատ բան ունի ներկայացնելու:
Իսկ բրիտանական «Regent Holidays» տուրիստական ընկերության կայքում նշվում է, որ ԼՂՀ-ն անկլավային տարածք է, սակայն բնական գեղեցկությունն ու մշակութային հարստությունն անվիճելի են: Առաջարկվում են տուրիստական այցեր Ստեփանակերտ, Շուշի, Գանձասար, Դադիվանք, Մայրաբերդ և Տիգրանակերտ:
Ադրբեջանական լրատվական կայքերից մեկն անդրադարձել է այս թեմային՝ հավանաբար հույս ունենալով հասարակական ու պետական ուշադրություն և ռեսուրսների մոբիլիզացիա ապահովելով պահանջել դադարեցնել նման ծրագրերն Արցախի ուղղությամբ: Լրատվականն այն համարել է պրովոկացիա, ինչպես ընդունված է այդ երկրում՝ նման հարցերին արձագանքելիս:
Այսպես ասած՝ «պրովոկացիոն պրովոկացիան» ադրբեջանական լրատվության սիրելի զբաղմունքն է, քանի որ, նախ՝ այն պետական իշխանության վարքի ցցուն արտայատումն է և երկրորդ՝ այդ երկրի հասարակության հակումը մանիպուլյատիվ հնարքներին չափազանց զգայուն է, ինչով էլ այն հեշտությամբ դառնում է հարմար և «առաձգական» ռեսուրս պետական քաղաքականության համար: Արցախին առնչվող իրենց համար անհաճո ցանկացած տեղեկատվություն պրովոկացիա բնորոշելը դասական ստերեոտիպային մանիպուլյացիա է, բայց դա նաև սոցիալական սինդրոմ է: Բարի գալուստ Արցախ...
Արման Սահակյան