Այս Հունվարի 28-ին նշելու ենք Հայկական Բանակի 23-ամյակը։ Արդեն պատկառելի տարիք է, արդեն գործ ունենք ոչ թե «դեռահասի», այլ ուժերով լի «պատանու» հետ, ով վհատկապես վերջին մեկ տարում ապացուցեց, որ սերնդափոխությունն իր շարքերում հաջող է անցկացվել, ու այն մարդկանց տղաները, ովքեր 23 տարի առաջ էին ոչնչից՝ բանակ սարքում, իրենց ավյունով ու հայրենասիրությամբ ոչնչով չեն զիջում հայրերին, իսկ այնպիսի կարևորագույն ցուցիչներով, ինչպիսիք են՝ դիիսցիպլինան, ոչ թե ֆիդայական, այլ հենց բանակային-զինվորական ոգին ու մասնագիտական պատրաստվածության առումով՝ միանգամայն գերազանցում են։
Գիտե՞ք, Սովետում էլ բանակը հարգում էին ու պատկառանքով էին վերաբերվում, բայց մեր Բանակի կարևորագույն ձեռքբերումներից մեկը կարելի է համարել այն, որ Ժողովուրդը Հայկական բանակին ոչ միայն հարգում է ու ոչ միայն պատկառանքով է վերաբերվում, այլև անչափ սիրում է ու անչափ վստահում և այս առումով, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Ցավոք, այնպես է ստացվել, որ վերջին մի քանի ամիսներին, իրավիճակը սահմաններում անասելի լարվել է ու մեր տղաները օրնիբուն ստիպված են իրենց ողջ աչալրջությունն ու հմտություն կենտրոնացնել, որպեսզի կասեցնեն թշնամու ոտնձգությունները, իսկ նոր՝ 2015 թվականը դեռ չսկսված, այդ լարվածությունը բազմապատկվել է ու օր չի անցնում առանց հերթական դավադրության մասին լուրի։
Ուստի, կուզենայի, որ մենք՝ քաղաքացիականներս, հիմա՝ ավելի քան երբեք լինենք մեր բանակի կողքին,նեցուկ լինենք մեր զինվորներին ու սպաներին. քանի դեռ պահը մեր զինվորագրումը չի պահանջում, օգնենք մեր բանակին մեր ջերմությամբ ու մեր վերաբերմունքով, իսկ եթե աստված չանի՝ Սկսվի... դե գիտեք, չեմ ուզում ինչ որ ամպագոռգոռ բաներ գրել։ Երբ սկսվի՝ կերևա, թե ով՝ ինչպես, իսկ հիմա, եթե զինվորական եք տեսնում դուրսը, փորձեք օգնել, եթե դրա կարիքն ունի, եթե չեք էլ կարող օգնել կամ դրա կարիքը չկա՝ գոնե ժպտացեք ու այդ կերպ ձեր ջերմությունը հաղորդեք։ Դե մեկ էլ, հնարավորինս քիչ մաղձ թափեք համացանցում ու առհամարհեք այդ մաղձ թափողներին, դրանք դուշմաններ են։
Արմեն Հովսեփյան