Ծնողները հաճախ չեն նկատում, որ երեխան տեսողության խնդիրներ ունի, մասնավորապես մանկահասակ տարիքում: Պատճառն այն է, որ տեսողության դեֆեկտի դեպքում նախանշանները հաճախ այնպիսին են, որ թվում է դրանք աչքերի հետ որևէ կապ չունեն:
Տեսողության խնդիրները կարող են լինել ի ծնե և ձեռքբերովի: Առաջին դեպքում ծնողները կարող են չնկատել խնդիրը մինչև չդիմեն բժշկի: Եթե խնդիրը ձեռքբերովի է, ապա մանկահասակ տարիքում երեխաները աշխարհը ընկալում են այնպես, ինչպես տեսնում են և կարող են չգիտակցել ու ծնողներին էլ չասել խնդրի մասին: Հենց այդ պատճառով ծնողները պետք է հատկապես ուշադիր լինեն , երբ երեխան սկսում է դպրոց հաճախել: Հենց այդ շրջանում է, որ երեխաների աչքերը սկսում են ավելի շատ լարվել և կարող են առաջանալ տեսողական խնդիրներ:
Ձեզ եմ ներկայացնում 6 նախանշան, որոնք հուշում են երեխայի մոտ տեսողական խնդիրների մասին:
1. Երեխան բողոքում է գլխացավերից ու գլխապտույտից, մասնավորապես տնային առաջադրանքները կատարելու ընթացքում: Հաճախ ծնողները կարծում են, որ երեխան ցանկանում է դասերը չսովորել և դրա համար պատճառներ է փնտրում, սակայն դա կարող է կապված լինել հենց տեսողական խնդրի հետ: Դասերը կատարելու ընթացքում աչքերի գերլարումից կարող են առաջանալ գլխապտույտներ: Այնպես, որ մի անտեսեք երեխայի բողոքը:
2. Երեխան գրելիս կամ կարդալիս ընդունում է ոչ բնական դիրք: Չափից ավելի մոտ է պահում գիրքը կարդալու կամ նայելու ընթացքում, կամ գրելիս գլուխը մոտեցնում է տետրին: Կամ ընդհակառակը հեռու է պահում իրենից: Նույնը կարող եք նկատել նաև օրինակ հաց ուտելիս կամ հեռուստացույց դիտելիս: Սա արդեն ազդանշան է, որ երեխան լավ չի տեսնում:
3. Որևէ բան նայելիս՝ օրինակ երթուղայինի համարը կամ ասենք հասցեն, ծանոթի դեմքը կկոցում է աչքերը: Սա նշանակում է, որ երեխան ցանկանում է ֆիքսել պատկերը, սակայն վատ տեսողության արդյունքում ստիպված է հատուկ մեթոդ կիրառել, որը բնորոշ է բոլոր տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր ակնոց կամ բժշկական լինզաներ չեն կրում:
4. Համամասնությունների խախտում: Ուշադրություն դարձրեք, երբ երեխան նկարում է , եթե համամասնությունները չափից շատ են խախտված դա կարող է կապված լինել աստիգմատիզմի առաջացման հետ: Երեխան պատկերները աղավաղված է տեսնում հենց այդ պատճառով համասնությունները խախտվում են:
5. Գերլարվածություն ու գերզգայնություն: Տեսողական խնդիրների դեպքում երեխան հասարակ առաջադրանք կատարելիս, որը կապված է տեսողության հետ մի քանի անգամ ավելի շատ է լարվում, այդ պատճառով դառնում է գերզգայուն ու պոռթկուն, արագ է հոգնում: Սա կարող է լինել նաև այլ խնդրի հետևանք, սակայն պետք է հաշվի առնել, որ վատ տեսողության դեպքում լարվածությունը ազդում է նաև ամբողջ նյարդային համակարգի վրա:
6. Եթե երեխան նկարելիս սխալվում է մատիտի գույների ընտրության հարցում, պարտադիր չէ, որ դա լինի դալտոնիզմի դրսևորում: Հատկապես աղջիկների դեպքում դալտոնիզմը բացառված է: Հենց այդ պատճառով, եթե երեխան գույնի ընտրության հարցում պարբերաբար սխալվում է դա արդեն ազդանշան է, որ նա ոչ թե գույները չի տարբերում, այլ տեսողության խնդիր ունի:
Երբեք մի զայրացեք երեխայի վրա, եթե նա չի կարողանում հիշել գույները, վատ է նկարում կամ բողոքում է, որ չի կարողանում այլևս կարդալ: Դա կարող է կապված լինել տեսողության հետ: Զայրանալու դեպքում երեխան դառնում է ավելի լարված, չլսող, հաճախ կամակորություններ է անում, քանի որ չի հասկանում խնդիրը ու չի կարող ինքն իրեն օգնել: Նման դեպքում դիմեք համապատասխան բժշկի, ժամանակին տեսողական խնդիրը բացահայտելու դեպքում, հնարավոր է կանխարգելել տեսողության վատթարացումը, իսկ բազմաթիվ դեպքերում նաև լուծել խնդիրը:
Վրեժ Հովսեփյան