Ստատուս քվոյի պահպանման գինն անդադար ավելանալու է՝ աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները հուշում են, որ Մերձավոր Արևելքում, Ուկրաինայում զինված հակամարտությունների ծավալմանն ու Եվրոպայում ահաբեկչական գործողությունների դեեպքերի ավելացմանը զուգահեռ եվրակառույցներում էապես նվազելու է Ադրբեջանի կողմից իրականացվող պարբերական հարձակումներին գոնե քաղաքական մակարդակում հակազդելու առանց այդ էլ պակասավոր պատրաստակամությունը: Այսինքն՝ աճելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ ուղղված ուժի կիրառման ընդհանուր ծավալը՝ նոր որակական դրսևորումներով:
Միջնորդներին խնդրանքներով դիմելը կամ, անգամ, ճակատային գծի շրջանում պատասխան պատժիչ գործողություններ իրականացնելը խնդրի լուծում չեն պարունակում՝ պետք է փոխվեն մեր քաղաքական մոտեցումները, հակամարտության կարգավորման հետ կապված պատկերացումների համակարգը: Անհրաժեշտ նախադրյալները գոյություն ունեն, բայց պետք է ունենալ նաև կամք ու դիվանագիտական շրջահայացություն՝ դրանց գործնական կիրառումն ապահովելու համար:
Արման Մելիքյան