Հայոց Բանակում, ինչ խոսք, ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ կան բազում խնդիրներ, որոնք ունեն պատշաճ լուծման կարիք: Բայց ցավալի է, որ յուրաքանչյուր խնդրի դեմ, թե ներսից, թե հանրության կողմից հետևողական պայքարելու և բացասական երևույթները վերացնելու ուղղությամբ համակարգված գործելու, ոմանք ամեն առիթ բաց չեն թողնում բանակը՝ որպես ինստիտուտ, քարկոծելու և արժեզրկելու համար, մոռանալով, որ բացի Հայոց Բանակից չկա մեկ այլ ավելի լավ համակարգ, որը երաշխավորում է Հայաստանի և հայության ֆիզիկական անվտանգությունն ու գոյությունը: Եվ պետք չի անընդհատ, տեղին-անտեղին, պատեհ-անպատեհ առիթներով փորձել այն արժեզրկել ժողովրդի աչքերում: Եվ վատն այն է, որ «ամենա-ամենա» բացասական պիտակներ տվողները անգամ պատկերացում չունեն կամ, եթե ունեն, ապա մակերեսային՝ այլ բանակների ներքին կյանքի մասին:

 

 


Ինչ խոսք, դրանից մեր խնդիրները չեն լուծվում և, այսպես ասած՝ սփոփանք չէ, երբ համեմատության մեջ իմանում ենք, որ ինչ որ տեղ նման երևույթներ կան ու մեր համեմատ ավելի մեծ են: Բայց, գոնե գնահատականների մեջ արդար լինելու համար՝ որոշակիորեն պետք է իմանալ այդ մասին:
Մի կողմ դնենք զգացմունքայնությունը (քաջ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր մեր զինվորի կյանքը մի տան ճրագ է) և նայենք վիճակագրությանը: Օրինակ, աշխարհի լավագույն բանակի համբավ ունեցող, բնականաբար՝ոչ անհիմն, իսրայելական բանակումում անցած տարի եղել է տասնհինգ ինքնասպանության դեպք: Իսրայելական բանակը հայոց բանակից թվաքանակով մեծ է մոտ 2,5 անգամ: Հայկական բանակում եղել է երկու նման դեպք: Ստացվում է, որ իսրայելական բանակում ինքնասպանության է դիմում ամեն մի 12 հազարերրորդ զինվորը, իսկ հայոց բանակում՝ յուրաքանչյուր 40 հազարերրորդ զինվորը, իսկ դա նշանակում է, որ արդյունքները գերազանցում են իսրայելականին ավելի քան երեք անգամ:

 

 

 


Իրավիճակը շատ չի տարբերվում նաև մարտական կորուստների պարագայում: 2014թ.-ին, իսրայելական բանակը՝ մոտ 200 000-անոց մարտական խմբավորմամբ, որի կեսն էր մասնակցում ակտիվ մարտական գործողություններին, Գազայի հատվածում իրականացրեց հատուկ գործողություն՝ մոտ 1,5 ամիս տևողությամբ: Դրա արդյունքում, ձեռք բերված հաջողությունների կողքին, ունեցան 66 զոհ, ընդհանուր տարում՝ 70 զոհ: Նույն տարում հայկական բանակը ունեցավ մի քանի լարված ամիսներ' հունվար, հուլիս-օգոստոս, հոկտեմբեր-նոյեմբեր, որոնք, իրենց բնույթով՝ առանձին միկրոպատերազմներ էին: Այս գործողություններն իհարկե իրար հետ ուղիղ համեմատական չեն, սակայն եթե նայենք ուժերի հարաբերակցություններին և տարվա ընթացքում կիրառված զինամթերքի քանակին՝ համեմատելու եզրեր շատ կան: Վերոնշյալ միկրոպատերազմների արդյունքում հայկական բանակը կորցրել է 25 զինծառայող, իսկ հակառակորդը մոտ վեց անգամ ավելի:

 

 


Համեմատությունը այնպիսին է, որ բանակների քանակների հետ համեմատած՝ կորուստները հավասար են: Իսրայելը կիրառել է մոտ երեք անգամ մեծ զորք և նույնքան էլ կորուստները շատ են հայկական բանակից: Իզուր չի, որ իսրայելական որոշ զինվորականներ, որոնք քաջատեղյակ են տարածաշրջանի ռազմական ուժերից, անթաքույց ասում են, որ իրենց հիացնում է հայկական բանակը:
Սա ուղղակի, այն անձանց համար, ովքեր պարբերաբար հակված են միայն վատը տեսնել:
Տա աստված, որ օրեցօր բացասականը պակասի, կորուստներն էլ՝ բացառվեն կամ առավել նվազագույնի հասնեն: Ուղղակի մի փոքր ավելի տեղեկացված լինենք ու արդարամիտ:

 

 

 

Արթուր Եղիազարյան