Հիշում եմ՝ ես խորասուզվել էի գորտերի մասին հեքիաթի մեջ:
- Դա, կարծես, բանաստեղծություն լինի ալմաֆուերտե,- նկատեցի ես,- մի՛ համարիր քեզ հաղթած, նույնիսկ, եթե դու հաղթել ես:
- Հնարավոր է,- ասաց հաստլիկը: - Բայց ես կարծում եմ, այս դեպքը առավել շատ համընկնում է «Մի՛ համարիր քեզ հաղթած, քանի դեռ դու չես հաղթել»: Կամ էլ «Մի՛ հայտնիր քո պարտվելու մասին, մինչև վերջնական արդյունքների ամփոփումը», որովհետև.....
Եվ քանի որ ժամանակ էր մնացել, նա պատմեց ինձ նոր պատմություն:
Կար-չկար մի մարդ կար, ով շատ մտահոգ էր իր հիվանդության հետ կապված ցանկացած բանից և հիմնականում մահվան վախից:
Մի անգամ այդ խենթ մտքերից նա մտածեց, որ հնարավոր է, որ ինքն արդեն մահացել է: Այդժամ նա հարցրեց իր կնոջից.
- Ասա՛, կին, հնարավո՞ր է, որ ես մեռած լինեմ:
Կինը ծիծաղեց և խորհուրդ տվեց նրան շոշափել ձեռքերն ու ոտքերը:
- Տեսնո՞ւմ ես, նրանք տաք են: Դա ցույց է տալիս, որ դու ողջ ես: Հակառակ դեպքում քո ձեռքերն ու ոտքերը սառը կլինեին, ինչպես սառույց:
Մարդուն դա շատ խելամիտ թվաց և նա հանգստացավ:
Մի քանի շաբաթ անց, երբ ուժեղ ձյուն էր գալիս, մարդը գնաց անտառ փայտ բերելու: Այնտեղ նա հանեց ձեռնոցները և սկսեց կացինով կտրել ծառը:
Մեխանիկորեն նա սրբեց ճակատը ձեռքով և նկատեց, այն սառն էր: Հիշելով կնոջ բառերը՝ նա հանեց կոշիկները և գուլպաները, ի սարսափ իրեն, համոզվեց, որ ոտքերը նույնպես սառած են:
Հիմա արդեն կասկած չուներ, նա հասկացավ, որ մահացել է:
‹‹Լավ չէ մեռած մարդուն ծառ կտրել››,- մտածեց նա:
Դրա համար էլ նա կացինը դրեց ջորիի կողքը, և ինքը պառկեց սառած գետնին, և սառած ձեռքերը խաչելով կրծքին՝ փակեց աչքերը:
Շատ չանցած շների ոհմակը կաղկանձելով մոտեցավ: Չհանդիպելով ոչ մի դիմադրության, նրանք պատռեցին պայուսակները և կերան այն ամենը, ինչ գտան նրանում ուտելու: Մարդը մտածեց. ‹‹Նրանց բախտը բերեց, որ ես մեռած էի, հակառակ դեպքում ես նրանց կվռնդեի››:
Ոհմակը շարունակեց պտտվել և հոտոտել ու հայտնաբերեց ծառին կապած ջորիին, սուր ատամներով հարձակվեցին շները վրան: Ջորին ճղճղաց ու քացի տվեց, բայց մարդը մատն անգամ չշարժեց, այլ միայն խորհեց՝ ինչպես իրեն կպաշտպաներ, եթե մեռած չլիներ:
Հաշված րոպեներում նրանք կերան ջորիին, և միայն մի քանի շներ մնացին ոսկորները կրծելու:
Իսկ անկուշտ ոհմակը դեռևս շարունակում էր պտտվել այդ վայրի շուրջ:
Շատ չանցած շներից մեկը մարդու հոտ առավ: Նա նայեց շուրջը և տեսավ անշարժ հատակին պառկած փայտահատին: Նա կամաց մոտեցավ, շատ կամաց, որքանով որ գիտեր մարդկանց վտանգավոր էակներ լինելու մասին՝ ընդունակ ցանկացած խարդախության:
Մի քանի ակնթարթ անց ողջ ոհմակը , փսլինքները թափելով, շրջապատեց մարդուն:
‹‹Հիմա դրանք ինձ կուտեն,- մտածեց նա: - Եթե ես մեռած չլինեի, ամեն բան այլ կերպ կլիներ››:
Շները ավելի մոտեցան…. և, տեսնելով, որ նա չի շարժվում, կերան նրան:
Խորխե Բուկայից
Իվ Թանգի "Նամակ Պոլ Էլուարին"
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան