Դեկտեմբերի 27-ին ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական խորհրդարանի անդամները Գանձասարի վանական համալիրում հանդիպում են ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։
Հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, քննարկվել են հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։
Խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Երիտասարդական խորհրդարանի անդամներին ներկայացրել է հոգեւոր ու կրոնական դաշտը կարգավորող օրենսդրական մեխանիզմները, իսկ Արցախի թեմի առաջնորդը պատասխանել է Երիտխորհրդարանի անդամների բարձրացրած հարցերին, որոնք վերաբերում էին խղճի ու դավանանքի ազատությանը, եկեղեցու դերակատարության բարձրացմանն ու նրա գործունեության տարբեր ոլորտներին։
Խորհրդանաշական հանդիպման ավարտին Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը եւ Աշոտ Ղուլյանը շնորհավորել են երիտասարդներին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Վրեժ Հովսեփյան