Եթե կարճ ձևակերպենք, ապա սա ներքին և արտաքին ռիսկերի կուտակման տարի էր: Արտաքին աշխարհում և, հատկապես, մեր հարևանությամբ տեղի ունեցող ճգնաժամային զարգացումներն ու Հայաստանի հանրությունում և պետական կառավարման համակարգում ընթացող քայաքայիչ գործընթացները համադրվել են, ինչը մարդկանց մոտ բնական հուսալքություն է առաջացնում:
Միջազգային հարաբերությունների ասպարեզում առարկայական հաջողություններ չեն գրանցվել: Խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը դոփում է տեղում, չկան նոր նախաձեռնություններ, մտահղացումներ: Արտաքին քաղաքականության ոլորտում առաջընթաց գրանցելու համար առնվազն անհրաժեշտ է ներքին այս հեղձուկ մթնոլորտից ձերբազատվել:
Այս տարին նշանավորվեց Ադրբեջանի կողմից ուժի կիրառման ծավալների աճով: Ակնհայտ է, որ այդ երկիրը փորձում է հակամարտության ուժային լուծման տարբերակը մտցնել մեծ քաղաքական օրակարգ՝ այն դարձնելով նաև միջնորդների մտահոգության կամ օգտագործման համար պիտանի գործոն:
Հայաստանի համար թիվ մեկ խնդիրը պետական կառավարման համակարգի որակական փոփոխությունն է: Դրա հետ միասին անհրաժեշտ է անել հնարավորը՝ երկրի լիարժեք ինքնիշխանությունն ու պաշտպանունակությունն ապահովելու համար և անել դա այնպես, որպեսզի մեկի ապահովումը մյուսի անտեսման հաշվին տեղի չունենա:
Արման Մելիքյան