Կարծում եմ՝ 2015-ը լինելու է ԼՂՀ ճանաչման տարի: Դրանով կլուծվեն և արդարության, և անվտանգության, և տնտեսական զարգացման և ազգային բարոյահոգեբանական վիճակի բարձրացման հարցերը: Այս ճանապարհին, կարծում եմ, պետք է ինչպես միջազգային հանրությանը, այնպես էլ Ադրբեջան տարածքի իշխանությանը պարտադրել ճանաչելու ոչ թե ԼՂՀ -ն՝ որպես պետություն, այլ՝ ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ավելի պարզ՝ միջազգային հանրության մոտ պետք է ցրել այն պատկերացումը, որ իրենք ճանաչում են Արցախի անկախ պետություն լինելու հանգամանքը, ինչպես նաև՝ բթացնելով Բաքվի անհավասարակշիռ զգոնությունը՝ սիտիպելով նրան կատարել իր իսկ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնցից մեկը այդ իրավունքն է՝ ամրագրված թե Հելսինկյան եզրափակիչ ակտում, թե այլ միջազգային փաստաթղթերում: Սրանից բովանդակությունը չի փոխվում իհարկե, սակայն ձևի մեջ կա տարբերություն, իսկ ձևը մանևրի ավելի լայն հնարավորություն ունի:
Եթե ժողովրդի անօտարելի իրավունքի ճանաչումը միջազգային իրավունքի տեսանկյունից պարտադիր է, ապա պետության ճանաչումը չունի նման բնույթ: Եթե, օրինակ՝ Ադրբեջանը ԼՂՀ-ի չճանաչումը միջազգայնորեն <լեգիտիմացնում է> նրա որպես պետության չկայացման <փաստարկով>, սահմանների, իրենց մեկնաբանմամբ, չհստակեցված լինելով և այլն, ապա ինքնորոշման իրավունքի պարագայում վերը նշված խնդիրները չեն կարող առաջանալ:
Մյուս կողմից, Ադրբեջանի ղեկավարության գործն էլ կհեշտանա. տոտալ քարոզչությունից այլընտրանքներ չտեսնող սեփական հանրության աչքում չի երևա որպես անզոր և դավաճանական խմբավորում, որը ճանաչում է ԼՂՀ-ն: Ավտարկիական էլիտային միշտ թվում է, թե ինքն իր հանրության համար ամենախելացին է, ամենազորեղը, ամենաճիշտը, ամենահայրենասերը: Դավաճանական երևալու կամ դրա մասին մտածելու հեռանկարն ավելի անկանխատեսելի ու ապակառուցողական է դարձնում նրան:
Այդ խումբն ամեն ինչ կանի, որպեսզի հանրության մոտ անզոր չերևա, իսկ որպեսզի վերջինին դրանում համոզի, և քանի որ լավ կառավարման համար այլ արժեհամակարգ չունի, կդիմի արտաքին ագրեսիայի և սեփական ժողովրդին ռեպրեսիաների ենթարկելու մեթոդներին՝ որպես համակարգի պահպանման բնազդ: Բռնապետական երկրի էլիտայի հետ որքան դժվար է աշխատել, նույնքան էլ հեշտ է ուղղորդել, որովհետև, որպես կանոն, նրանք ավելի շատ բնազդային, քան ռացիոնալ վարք ունեն:
Արման Սահակյան