Պետք է պատասխանատվության ենթարկել ցանկացած այսպես կոչված պատկան մարմնի ներկայացուցչի, որը իր անհեթեթ ու անհեռատես հայտարարություններով թյուրիմացության մեջ է գցում հասարակությանը: Իմ կանխատեսումները կապված հայաստանյան ֆինանսական շուկայի հետ իրականանում են բացարձակ ճշտությամբ դեռ այն պարագայում, որ տիրապետում եմ ավելի սակավ ինֆորմացիայի, քան վերոհիշյալ մարմինների ներկայացուցիչները:


Ո՞նց է ստացվում, որ ձեր խորհուրդ-հորդորների պիտանելիության ժամկետը 10 օրից կարճ է տևում: Հրապարակում հրապարակայնորեն խարույկների վրա դրամային սպեկուլյանտներին այրելուց հետո, թվում էր, որ ամեն ինչ տեղն ընկավ, բայց ավաղ: Մի պաշտոնյա հեգնում էր հասարակության այն շերտին, որոնք իրենց դրամային պահուստները ոչ թե բանկերին էին վստահում, այլ պարենային մթերքների որոշակի պաշար գնում: Հիմա՞ ինչ կասի այդ ապաշնորհը, երբ մեկ օրվա մեջ այդ նույն ապրանքները կրկին 10 տոկոսով թանկացան: Ի՞նչ կասեն նրանք, ով մեր դրամի արժեզրկումը կապում էին այն գործոնների հետ, որոնք հիմա կարծես թե կայունացել են, իսկ մեր ազգային փոխարժեքը կրկին գահավիժում է, ավելի ստույգ մոտենում է իրական արժեքին: Այն արժեքին, ինչը փորձեցիք արհեստականորեն քողարկել այս օրերին:


Ինչու են այդ պաշտոնները զբաղեցնում մարդիկ, որոնք տնտեսագիտական տարրական արհեստավարժությունից զուրկ են, և ունեն միայն մի առաքելություն՝ արդարանալ անընդհատ; Էդ դու՞ք եք վերահսկում իրավիճակը: Մեր բակի մանկապարտեզի պահակը ձեզնից լավ կվերահսկեր իրավիճակը: Տնտեսագիտությունը, միայն օրենքներ անգիր անել չի, պիտի գոնե կանխատեսումներին էլ տիրապետեք, ու պարտադիր կիսվեք հասարակության հետ, որովհետև դա ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ է:  


Հարգելի հայրենակիցներ դեկտեմբերի 31-ին ավարտվում է այս հոգսաշատ տարին, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ հունվարի մեկից ամեն բան փոխվելու է: Սնահավատությունը միամտություն է: Հունվարի 10-ից ստիպված եք լինելու կատարել կոմունալ վճարումները,որոնք հաստատ ձեր նախատեսածից ավելի են լինելու: Պլանավորեք ձեր ծախսերը այնպես, որ ամիսը ավարտեք համեմատաբար քիչ ցնցումներով:
Իսկ հերթական խեղկատակին, որը կփորձի կրկին արդարանալ դրամի գահավիժման հետ կապված՝ խորհուրդ կտամ, որ այս անգամ դրամի արժեզրկումը կապի ասենք Ավստրալիայի առափնյա քաղաքներում ջերմաստիճանի կտրուկ անկման, կամ թեկուզ Բունդեսլիգայի ֆուտբոլային հանդիպումների տոմսերի թանկացման հետ: Այդպես ավելի զվարճալի կլինի:

 

 

Գարիկ Պետրոսյան