Որպեսզի հնարավորինս օբեկտիվ գնահատենք անցնող տարին՝ հիշենք, թե ինչպես մտանք 2014, նոր փորձենք հասկանալ, թե ինչ կորուստներով ու ձեռքբերումներով ենք դիմավորում հաջորդ տարին:
Նախագահական ընտրություններից հետո ժողովրդին համակել էր մի աննկարագրելի հիասթափություն: Չէ՞ որ, եթե նախկինում լինում էին հիասթափեցնող պահեր, բայց նաև հույս կար, որ հնարավոր կլինի այդ վիճակից դուրս գալ, ապա այս անգամ մի պահ այդ հույսն էլ չկար:


Նախագահական ընտրությունների ժամանակ ինչքան ուզեցին այնքան «խփեցին», իսկ դրանից հետո Սարգսյանի թիմակիցները ինքնավստահ հայտարարեցին, որ դեռ մի քսան տարի իրենք են իշխելու և «վերջին բոլշևիկը» պատրաստվում է աթոռին կառչած մնալ մինչև կյանքի վերջ:


Ներքաղաքական ձախողումներն ու կորուստներն ամբողջացան իշխանությունների արտաքին քաղաքական վայրիվերումների պատճառով:


Այնպես չի, որ հասարակությունը հաշտվել էր այդ վիճակի հետ, ուղղակի չէր տեսնում ելքը՝ այն քաղաքական թիմը, որը կարող էր վերջ տալ իշխանությունների անվերջանալի թվացող ձախողումներին: Ու մեկը լուռ, մյուսը բացահայտ՝ իրենց բողոքն էին արտահայտում ստեղծված վիճակի հանդեպ:


Բավական է նշել մի փաստ, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու Սարգսյանի հայտարարության մասին իմ դժգոհությունն եմ հայտնել՝ գտնվելով «անազատության» մեջ (մշակույթի նախարարությունում վարչության պետ էի աշխատում): Ու անգամ եթե այդ հոդվածի նախաբանն ու վերջաբանը ներկայացնեմ, արդեն պարզ կլինի մտահոգություններս այդ հարցում:


…………..
ԷԴՎԱՐԴ ԱՆՏԻՆՅԱՆ, «168 ժամ», 03.10.2013
«Միամտություն է կարծել, թե ՀՀ նախագահի' Մաքսային միություն մտնելու հայտարարությունը մեր երկրի հանդեպ անվստահություն է առաջացրել միայն ԵՄ-ի մեր գործընկերների շրջանում: ՌԴ-ն, քաջ գիտակցելով, որ, եթե 4 տարի բանակցելուց հետո «թռել ենք» իրենց ուղղությամբ, ապա ի՞նչ երաշխիք, որ «հետթռիչք» չենք կատարի, մանավանդ, որ առաջինի դեպքում ունենք ավարտուն փաստաթուղթ' պատրաստ ստորագրման, իսկ երկրորդի պարագայում' ընդամենը հայտարարություն: Ուստի Ռուսաստանն ամեն ինչ անելու է, որպեսզի «կտրի մեր թևերը»:
Իսկ սխալի կեսից հետ դառնալու համար մեզ արժեհամակարգային ու գաղափարական հզոր ընդդիմություն է հարկավոր, որը պետք է ձևավորվելու նշաններ ցույց տա վիլնյուսյան գագաթաժողովից առաջ: Չանեն դա ընդդիմադիրներն այսօր, դրանով իսկ զրկելով երկիրը մանևրելու հնարավորությունից, դա կանեն իշխանությունները վաղը' ստեղծելով արևմտամետ ուժերի ազդեցիկ թիմ, որն էլ առաջիկայում իշխանությունների դեմ այլընտրանքի իմիտացիա կապահովի, քանի որ մեզ համար այնքան վտանգավոր չէ Մաքսային միություն մտնելը, որքան այն, որ կոշտ արտաքին քաղաքականություն վարող պաշտոնական Կրեմլին պարզ դառնա, որ մենք գնալու տեղ այլևս չունենք»:


……..
Իսկ այս տողերը գրելիս ոչ համաժողովրդական շարժում կար, ոչ էլ արտահերթ ընտրությունների մասին ակնարկող հզոր քաղաքական ուժ: Սա շեշտում եմ նրա համար, որ երբ փորձում են նենգափոխել այսօրվա պայքարի տրամաբանությունը, թե ԲՀԿ-ի շուրջ համախմբվում են ինչ-որ շահադիտական նկատառումներով, դա բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: Ժողովուրդը պատրաստ էր պայքարի ու սպասում էր ընդդիմադիր դաշտում այն ուժի հայտնվելուն, որի քայլերին կհավատար, որի լիդերին կվստահեր, ու այդ ուժը եղավ ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը: Բավական էր Ծառուկյանը լայն կոնսոլիդացիայի կոչ աներ, քաղաքական դաշտն ու քաղաքացիական սեկտորն ասես կազմ ու պատրաստ նման մի խոսքի էին սպասում, և անմիջապես դրականորեն արձագանքեցին համախմբման կոչին:


Ճակատագրի հեգնանքով, հենց նույն օրը՝ ս.թ. փետրվարի 15-ն եղավ ճամփաբաժանը, երբ ԵԿՄ համագումարում Սարգսյանը հայտարարեց, որ ոչինչ փոխել չի պատրաստվում, ու մտադիր չեն իրենց աթոռները զիջել: Իսկ դրան հակառակ՝ ԲՀԿ համագումարի ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ այս վիճակի հետ հաշտվել չի կարելի ու պետք է ջանքուեռանդ չխնայել՝ երկրում իրավիճակ փոխելու համար: Ու թեպետ հոկտեմբերին երկու կարևոր հանրահավաքներ եղան, որոնց ընթացքում շատ հարցերի պատասխաններ տրվեցին, հետագայում համաժողովրդական շարժման շտաբներ ձևավորվեցին, բայց, ինչպես տեսնում ենք, Սարգսյանը դեռ չի հրաժարվել վերարտադրվելու մտքից, դեռ ընդդիմադիր դաշտից հավաքագրումներ է անում ու փորձում Համաժողովրդական շարժման ակտիվ մասնակիցներին իրար դեմ հանել:


Այնպես որ, եթե իշխանությունների համակողմանի ձախողումների ֆոնին ուզում ենք այս տարվա ձեռքբերումներից խոսել, ապա դա իշխանափոխությանը միտված «եռյակի» ստեղծումն է, Համաժողովրդական շարժումն ու Գագիկ Ծառուկյանի շուրջ շատերի համախմբվելու պատրաստակամությունը: Ուստի եթե 2014-ին հաջողվեց իշխանավորների՝ իրենց աթոռներին հավերժանալու պլանները լրջորեն կասկածի տակ դնել, ապա հուսով եմ՝ հաջորդ տարի կհաջողվի նրանց այդ աթոռներից կտրել: Ու կասկած չկա, որ իշխանափոխությանը միտված քայլեր կներկայացվեն գալիք տարվա հունվարի 20-ին՝ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի օրը:


Ու, թեպետ Ամանորն այս տարի մեր ժողովուրդն ավելի վատ նյութական վիճակում է նշելու, բայց այս անգամ մեր սեղանների շուրջ ավելի շատ հույս ու հավատ կլինի, քան նախորդ տարի, վստահություն, որ գալիք տարին լինելու է հաղթանակների տարի՝ որի առաջին քայլն, անշուշտ, իշխանափոխությունն է:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

 

Էդվարդ Անտինյան