Ամանորյա տոներին մարդկանց մեծամասնությունը մոռանում է սովորական սննդակարգի մասին եւ սկսում շատ ուտել: Գաստրոէնտերոլոգը պնդում է, որ ամենօրյա շատակերություն այլ բան է, իսկ հանկարծակի «տոնական շատակերությունը»՝ միանգամայն այլ:

 


Պարզվում է՝ մարսողական համակարգն ամեն օր կարող է մարսել որոշակի քանակությամբ սնունդ, իսկ եթե սնունդը հանկարծ շատ է լինում, այն մեծապես ծանրաբեռնում է օրգանիզմը, որն ի վիճակի չի լինում այդ ամենը մարսել: Արդյունքում թերի մարսված սնունդը կուտակվում է աղիներում:
Օրգանիզմը չի կարող ո´չ դուրս հանել այդ ամբողջ ավելցուկը, ո´չ էլ մարսել այն: Մարդն այդ ժամանակ իրեն սկսում է վատ եւ թույլ զգալ, սրտխառնոց է զգում. օրգանիզմն այդ ընթացքում ամեն ինչ անում է ավելորդ սննդից ազատվելու համար, եւ փորլուծություն կամ փսխում է սկսվում:
Ե´վ փսխումը, ե´ւ փորլուծությունը մեզ համար կարծես թե վատ են եւ ցավոտ, սակայն մենք պետք է հասկանանք, որ շատ ուտելուց հետո օրգանիզմն այդ ձեւով փորձում է ինքն իրեն պաշտպանել՝ ջանալով առավելագույնս արագ դուրս մղել անպետք ամեն բան:

 


Շատ ուտելուց հետո առաջացած մյուս խնդիրը կապված է ծանրաբեռնված օրգանիզմի՝ իր պաշտպանող գործառույթների կորստի հետ, որի արդյունքում, տարբեր վիրուսներ եւ մանրէներ մեծ հավանականությամբ կարող են վնասել մարսողական համակարգը եւ առաջացնել ստամոքսի կամ աղիների բազմապիսի բորբոքային հիվանդություններ:
Ի դեպ, ցուրտը եւ ալկոհոլի չարաշահումը նույնպես թուլացնում են օրգանիզմը, այնպես որ շատ ուտելու հետ միասին դրանք օրգանիզմին մեծ հարված կարող են հասցնել:
Հենց այդ պատճառով մասնագետն առաջարկում է ամանորյա տոներին զսպել ախորժակն ու ալկոհոլը չչարաշահել: Սեղանին համեղ ուտելիքներ շատ կլինեն, բայց ամեն դեպքում ցանկալի է զսպել ցանկությունները եւ ամեն ինչից չհամտեսել:

 

 


Վրեժ Հովսեփյան