Հերիք չի տպագիր մամուլի գործերն առհասարակ վատ են, հերիք չի թերթ կարդացողը բազմաթիվ պատճառներով քչացել է, դեռ մի բան էլ Հայաստանում մամուլի ցրմամբ զբաղվող հիմնական կազմակերպությունը՝ «Պրես-ստենդն» է իր հերթին նվազեցնում թերթերի վաճառքը։ Ուրեմն, հատկապես մի կրպակավաճառ ունենք, որը «պերեռիվից» հետո համարյա չի բացում կրպակը։ Մի քանի անգամ վիճել եմ հետը, ասում է՝ մեզ ամեն օր պարտադրում են բանկային փոխանցում անել, «պերեռիվից» հետո գնում եմ բանկ, դուք բանկի հերթը տեսել ե՞ք։

 

 


Ճիշտն ասած տեսել եմ, պիտի առավոտից հերթ կանգնես, որ երեկոյան հերթդ հասնի։ Կարող եք ասել՝ դե կարելի է առավոտյան գնալ, առնել, բայց առավոտյան բավականին ուշ է հասնում օրվա մամուլը՝ համարյա «պերեռիվին»։ Պիտի լարախաղաց լինես, որ հասցնես բռնել «պերեռիվի» ու թերթերի ժամանման էդ նուրբ սահմանը։ Մի խոսքով, երբ գնում ես թերթ առնելու, կամ դեռ թերթ չկա, կամ «պերեռիվ» է, կամ մարդը բանկում է։ Մինչդեռ թերթ առնելը ծխելու պես բան է, ու եթե երկար ժամանակ չես կարողանում թերթ առնել, ի վերջո հետ ես վարժվում էդ սովորությունից։

 

 

 

Արփի Ոսկանյան