Գալիք տարի կայանալիք ԼՂՀ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական եւ մեծամասնական ընտրակարգով ընտրվողների մանդատների հարաբերակցությունը՝ գործող 17 համամասնական և 16 մեծամասնականի փոխարեն կլինի՝ 22 համամասնական և 11 մեծամասնական։
Այս մասին երեկ՝ դեկտեմբերի 24-ին տեղի ունեցած ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Սրբուհի Արզումանյանը՝ հավելելով, որ այն կանցկացվի մայիս ամսվա սկզբին։
Կառույցի ղեկավարի հաղորդմամբ 2015 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի ընտրական նոր օրենսգիրքը, որտեղ ներկայացված կլինի ընտրագրավի, նախընտրական հիմնադրամների, թեկնածուների գույքի եւ եկամուտների հայտարարագրման և այլ հարցերի առումով կատարված լրացումները։
Մասնավորապես, նոր օրենսգրքով սկսած երկորդ համարից յուրաքանչյուր հնգյակում պարտադիր պետք է սեռերի հարաբերակցությունը լինի 4/1։
Խորհրդարան մտնելու համար նվազեցվել է նվազագույն շեմը՝ սահմանելով կուսակցությունների համար՝ 5, կուսակցությունների դաշինքների համար՝ 7 տոկոսը՝ գործող 6-ի եւ 8-ի փոխարեն։
Անդրադառնալով անցնող տարում կազմակերպված և անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին, Ս. Արզումանյանը նշել է, որ 13 համայնքներից՝ 5-ում եղել է հերթական, իսկ 6-ում՝ արտահերթ ընտրություններ։ Անցած ընտրությունների վերլուծության արդյունքների պատկերը հետևյալն է՝ ընտրված համայնքի ղեկավարներից երկուսն «Ազատ Հայրենիք» կուսակցությունից են, իսկ մյուսներն՝ անկուսակցական։
ԿԸՀ նախագահի խոսքով, գալիք տարում բացի խորհրդարանականից, ավելի քան 200 համայնքներում կլինի նաև ՏԻՄ ընտրություններ, որը նախատեսում է անցկացնել օգոստոսին։
Վրեժ Հովսեփյան