1918 թ. հունիս-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետությունում Օսմանյան կայսրության ռազմաքաղաքական ներկայացուցիչն էր Մեհմեդ Ալի փաշան, ով հետեւում էր Հայաստանի կողմից Բաթումի պայմանագրի կետերի կատարման ընթացքին: Առաջին աշխարհամարտում օսմանցիների պարտությունից եւ դաշնակիցների նավատորմի' Ոսկեղջյուրում խարիսխ նետելուց հետո, երբ Կ․ Պոլսում սկսեցին ձերբակալել իթթիհատական գործիչներին' Մեհմեդ Ալին ինքնասպանություն գործեց (տես'«Հայրենիք» օրաթերթ, 22.04.1919թ.):

 

 


Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1921-ի հոկտեմբերին մեզ պարտադրված Կարսի չարաբաստիկ պայմանագրով նախատեսվում էր նաեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ։ Կողմերը 1922 թ․ Թիֆլիսում, Խորհրդային Ռուսաստանի գիտությամբ ու թույլտվությամբ, վերստին նստեցին բանակցությունների սեղանի շուրջ եւ որոշում ընդունեցին Կարսի պայմանագրի այս դրույթի կիրառման մասին։

 

 

 

Համաձայն դրա՝ պայմանավորվածություն ձեռք բերվեց Անկարայում ու Երեւանում բացել դեսպանություններ։ 1922-1924 թթ․ Երեւանում գործում էր Թուրքիայի դեսպանատունը, իսկ Գյումրիում՝ հյուպատոսարանը։ Կարսում էլ Հայաստանն ուներ իր հյուպատոսարանը։ 1924 թ․ Թուրքիան դադարեցրեց Խորհրդային Հայաստանում իր դիվանագիտական կորպուսի գործունեությունը եւ մինչ օրս երկու հարեւան երկրների միջեւ բնականոն դիվանագիտական հարաբերություններ գոյություն չունեն։