Ուզում եմ անրադառնալ օրեր առաջ կինոմոսկվայի դահլիճում բազմաթիվ հակասական կարծիքներ առաջացրած կարևորագույն մի իրադարձության, որը ինձ համար պատմական նշանակություն ունի: Խոսքը Ջեմալ փաշայի թոռան Հասան Ջեմալի հետ հանդիպան մասին է, որը հանրությանը ներկայացրեց «1915 Հայոց Ցեղասպանություն» գիրքը:
Եղան մարդիկ, ովքեր ասացին, թե ո՛վ է Ջեմալի թոռը, պետք է վառել նրանց, ովքեր բերել են նրան այստեղ:Ես գնացել էի, ոչ թե Ջեմալի թոռով հիանալու, այլ հարցեր ունեի, որոնք այդպես էլ մնացին օդում կախված, որովհետև ժամանակ չկար, դահլիճը տրամադրված էր ժամ ու կես: Հասանը իր պապուն սպանած վրիժառուներին ավազակախումբ անվանեց, ինչը դահլիճում գտնվող մարդկանց դուր չեկավ, բայց, ըստ էության, ոչինչ էլ չարեցինք, շարունակեցին լսել, իսկ երբ Ցեղասպանություն բառը օգտագործեց՝ ծափահարեցին:
Երկրորդ համաշխարհայինի տարիներին նացիստների կողմից ստեղծված համակենտրոնացման ճամբարների գլխավոր դահիճների զավակները հենց նույն ճամբարներ գնացին և առերեսվեցին զոհերի զավակների հետ: Եվ ես դա համարում եմ պատմությունը մեղքերից սրբագրելու կարևորագույն քայլ:
Նմանատիպ հանդիպումները չեն կարող հարթ անցնել, կլինեն անշուշտ թերություններ, անհամաձայնություններ, անպատասխան հարցեր, բայց միանշանակ մերժել կամ թերագնահատել այս հանդիպման գաղափարային խորքը, նշանակությունը կարծում եմ այդքան էլ ճիշտ չէ: Այս այնցելությունը գուցե ապաշխարանքի փոքրագույն քայլ է, խոստովանանքի, ժողովրուդների հաշտեցման ճանապարհին: Ինձ գոհացրեց իր նախորդի մեղքը, ոճիրը ընդունելու և իր իսկ բառերով՝ «Հայոց Ցեղասպանության ցավը կիսելու» Հասան Ջեմալի գիտակցումը...
Արթուր Հայրապետյան