Հայաստանի աշխարհագրական դիրքն ու աշխարհաքաղաքական նշանակությունն այսօր այնպիսին են, որ անգամ լինելով Եվրասիական տնտեսական միության ու ՀԱՊԿ անդամ, այն, գոնե առաջիկա մեկ տարվա ընթացքում, դժվար թե ԱՄՆ-ի կողմից ենթարկվի ուղղակի պատժամիջոցների, թեև Ռուսաստանի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ռեժիմը մեր երկրի վրա անշուշտ կանդրադառնա: Ես չեմ բացառում նաև, որ Հայաստանի պարագայում ԱՄՆ-ն կարող է նաև որոշակի քայլերի գնալ մեր երկրի տնտեսվարողների համար արտոնություններ ապահովելու համար, եթե վերջիններս ավելի ակտիվ գործընկերային հարաբերություններ հաստատեն արևմտյան, թուրքական, իսկ ավելի ուշ նաև անգամ պարսկական ընկերությունների հետ:
Առաջիկայում հավանաբար հատուկ կարևորություն ձեռք կբերեն հայ-վրացական տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված հետևողական ջանքերը: Մեզ համար թիվ մեկ խնդիրը կմնա ՀՀ պետական կառավարման համակարգի կարողունակության ապահովումը՝ այսօր այդ համակարգը բարոյական ու մասնագիտական քայքայման արտահայտված միտումներ է դրսևորում և գործնականում զրկված է քաղաքացիների վստահությունից ու նվազագույն իսկ աջակցությունից: ՀՀ պետական գանձարանի կողոպտիչների հետագա պաշտոնավարումը ներկայիս ամենամեծ սպառնալիքն է հայկական շահերի համար անկախ նրանից, կշարունակվի արդյոք ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ, թե իրադրության արմատական փոփոխության համատեքստում կհայտնվեն նոր վստահելի գործընկերներ:
Արման Մելիքյան