Այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահմյանի հանդիպումը «Նաիրիտ» գործարանի մի խումբ աշխատակիցների հետ: Օրակարգում աշխատավարձերի վճարման հետ կապված խնդիրն էր:


Ինչպես հիշում ենք նոյեմբերին կառավարությունը փոխհատուցել էր նաիրիտցիների մեկ ամսվա աշխատավարձը:


Այսօր Նաիրիտ գործարանի աշխատակիցները կառավարությունից պահանջում էին իրենց երկու ամսվա աշխատավարձների փոխհատուցում՝ հաշվի առնելով առաջիկա ամանորյա ծախսերը:


Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել վճարել նրանց երկու ամսվա աշխատավարձները հետևյալ սկզբունքով, մի մասը դեկտեմբեր ամսին, մյուս մասն էլ հունվարին:


Այս նախապայմանը չէր գոհացրել նաիրիտցիներին: Նրանք պահանջում են միանգամից երկու ամսվա փոխհատուցում:


Հարց է առաջանում ինչ միջոցներով և ում հաշվին պետք է կառավարությունը փոխհատուցի գումարները: Չէ, որ կառավարության բյուջեում Նաիրիտի աշխատավարձերի մասին առանձին կետ չկա, իսկ գործարանն էլ ունի տնօրենների խորհուրդ, որը պատասխանատու է աշխատավարձերի համար:


Գլոբալ առումով ստացվում է, որ փոխհատուցումները պետք է կատարվեն հարկատունիրի հաշվին:


Միանշանակ կառավարությունը չի ցանկանում երկրում ստեղծել սոցիալական դժգոհությունների առիթներ: Չի ցանկանում նաև երկրում լինեն գործազուրկներ, քանի որ ինչքան գործարանն ավել աշխատի այնքան շատ գումար կմտնի բյուջե, սակայն ու՞մ պետք է ուղղված լինեն պահանջները և արդյո՞ք արդարացի է, որ Նաիրիտի սեփականատերերի պատճառով գումարները փոխհատուցվեն հարկատուների հաշվին:

 

 

Դավիթ Պետրոսյան