Դարեր շարունակ Ռուսաստանին չեն սիրել, բայց հաշվի են առել, և երբ հզորացել է փորձել են ճնշել, խեղճացնել, թուլացնել , հարձակվել են ու պարտություն կրել: Ամերիկացիները լավ իմանալով, որ Ռուսատանի հետ ուղղակի, անմիջական պատերազմն անօգուտ է և վտանգավոր, նրանք ընտրեցին այլ, խելացի ու տրամաբանական ճանապարհ…Նրանք փորձեցին Ռուսաստանին հաղթել ռուսներին' ռուսների , ուկրաինացիներին' ռուսների, հիմա էլ բելառուսներին' ռուսների դեմ հանելով…Փորձեցին Ռուսաստանում իրականացնել գունավոր հեղափոխություն' չստացվեց…Առայժմ չստացվեց, բայց դեռ կրկին կփորձեն…Իսկ հիմա կօգտագործեն ուկրաինացիներին, բելառուսներին և այդպես շարունակ, մինչև լիարժեք թուլացնեն կամ ոչնչացնեն սիբիրյան արջին:


ԱՄՆ-ն այդ ամենն անում է նաև Եվրամիության, եվրոպական երկրների տնտեսական անկման, տարիներ շարունակ ստեղծված առևտրատնտեսական կապերը խզելու, եվրոպացիների կյանքը վատթարացնելու միջոցով: Այդ ամենից նա առայժմ միայն շահողի դերում է և մի կրակոցով թուլացնում է թե′ Ռուսաստանին, թե′ եվրոպական երկրներին: Իհարկե նպատակը նաև Ռուսատանին պատերազմի մեջ ներքաշելն է, սակայն Պուտինը հիմար չէ և գիտակցում է այդ ամենը և առայժմ ճշգրիտ' կամ գրեթե ճշգրիտ կարողանում է հաշվարկել, խուսանավել և խուսափել նման առճակատումից:


Միաժամանակ ռուսներին այդքան էլ հեշտ չէ խեղճացնել: Ռուսները նման իրավիճակներում համախմբվելու և գոյամարտի մեջ մտնելու մեծ վարպետ են ու Ռուսաստանի իշխանություններն այսուհետ արևմուտքից զիջում չակընկալելու դեպքում կգնան անսպասելի որոշումների ու քայլերի: Դրա վառ օրինակը Թուրքական գամբիտն էր, «Հարավային հոսքի» հետ կապված որոշումը:


Այդ և մյուս գազատար խողովակների մասին խոսակցությունների ընթացքում հիշեցի խորհրդային ժամանակներում հայտնի «Մոսկվա-Կասիոպեա» ֆիլմը, այդ մոլորակին իշխող ռոբոտներին իրենց պարզ, բայց խորամանկ հարցով շարքից հանող ռուս երեխաներին...«А и Б сидели на трубе, А упало, Б пропало. Что осталось на трубе?», այս հարցը լսելու նման է եվրոպացիների պահվածքն ու վարքագիծը…Բայց ի հեճուկս նրանց, շահեց Թուրքիան, որն անհասկանալիորեն ջարդելով այդ հարցի տրամաբանությունը, հրեշի նման մնաց խողովակաշարի վրա նստած: Նա իրեն բնորոշ արևելյան խելացի, կշռադատված և ճկուն դիվանագիտությամբ կարողացավ շահավետ պայմանագրեր կնքել Ռուսաստանի հետ, որի արդյունքում ավելի կշահի և կհզորանա:


«Հարավային հոսքը» չեղյալ համարելուց հետո Եվրամիությունը , եվրոպական երկրները գրեթե հայտնվելով նշված ռոբոտների կարգավիճակում, դանդաղ, բայց հաշտության եզրեր կփնտրեն, որովհետև առանց այդ և մյուս խողովակաշարերի նրանք կկանգնեն լուրջ էներգետիկ խնդիրների առաջ ու հսկայական ֆինանսական կորուստներ կկրեն:


Ի՞նչ կտա այս հակամարտությունը, ո՞վ կշահի դեռևս պարզ չէ, ցույց կտա ապագան…Սակայն Աստված չանի մեկն ու մեկի նյարդերը տեղի տա…


Մի բան պարզ է ու հստակ, ԱՄՆ-ը հաստատ շահել է արդեն…

 

 

Ռոբերտ Մելքոնյան