Ակունքներին եթե անդրադառնանք՝ մեր երգն ենք երգելու: Մեր երգը չենք երգում, երբ որդեգրում ենք թուրք սուլթանի վերաբերմունքն առ ռուս ժողովուրդը և ռուս ցարի կողմից՝ առ թուրք ժողովուրդը: Թագավորների վերաբերմունքը միմյանց նկատմամբ որդեգրելով, խոսում ենք նրանց լեզվով՝ նրանց մասին, մեկի լեզվով՝ մյուսի մասին:
Պետք է մեր լեզուն գտնենք և մեր թուրքահայի վերաբերմունքն առ ռուսաց կայսրը լինի հայի և ոչ թե թուրքահայի վերաբերմունք, ռուսահայոց վերաբերմունքը լինի ոչ թե ռուսահայի, այլ հայի վերաբերմունքն առ Թուրքիան և թուրքաց սուլթանը: Ահա այս մասին է խոսքը, որ իսկապես օտար դուդուկի տակ պարել ենք: Այս դեպքում է, որ երգել ենք «Ստամբուլը պիտի դառնա արյան ծով» ռուսաց թագավորի, կազակության երգը: Դա էլ մեր ողբերգության պատճառ է դարձել: