Հայտնի է, որ Սաուդյան Արաբիայի դերակատարությունը վճռորոշ է նավթի համաշխարհային գների անկման հարցում: Իսկ ի՞նչ նպատակներ է հետապնդում Էր-Ռիադը՝ նպաստելով այդ գործընթացին:
Ձևավորված հակադիր բևեռների դիմակայության համատեքստում միջազգային արդի գործընթացներում առկա իրավիճակը, նավթի գների՝ ներկայիս 38-40% նվազման իրողությունն, էական բացասական տնտեսական հետևանքներ են ունենում նաև հատկապես ոչ դիվերսիֆիկացված տնտեսություն ունեցող նավթարդյունահանող երկրների և առաջին հերթին՝ Արևմուտքի հետ խնդիրներ ունեցող մի շարք պետությունների համար: Մինչդեռ, այնուամենայնիվ, պետք է նաև փաստել, որ համաձայն «մեդալի՝ երկու երես ունենալու վերաբերյալ» հայտնի ասույթի՝ երևույթից շահողներ ևս կան և՛ տնտեսական, և՛ քաղաքական տեսանկյունից:
Այսպես, զարգացումների ներկա փուլում էականորեն վնաս են կրում հակաամերիկյան դիրքորոշում ունեցող այնպիսի երկրներ, ինչպիսիք են, ասենք, Իրանը (իրանական իշխանություններին, սեփական բյուջեի հավասարակշռությունը պահպանելու համար անհրաժեշտ է առնվազն 130 դոլար 1 բարելի դիմաց սակագինը), Ռուսաստանը (նվազագույն շեմը՝ 101 դոլար), Վենեսուելան (120 դոլար), իսկ, ասենք, Պարսից ծոցի մյուս միապետությունների՝ Քուվեյթի, Կատարի, ԱՄԷ-ի դեպքում, վնասաբեր չի լինի մինչև 54 դոլարի պայմանական շեմը: Մյուս կողմից՝ գործընթացը դրական ազդեցություն է ունենում հատկապես ոչ նավթարդյունահանող պետությունների համար. այս տեսանկյունից էականորեն կարող են շահել ԵՄ անդամ որոշ երկրներ:
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, ապա եթե ներկայում գործընթացները հատկապես աշխարհաքաղաքական տեսանկյունից որոշակիորեն շահավետ ընթացք են ունենում Վաշինգտոնի համար, ապա դրա տնտեսական հետևանքներն ամերիկյան նավթարդյունաբերության վրա իրենց զգացնել կտան ավելի ուշ:
Բանն այն է, որ աշխարհում թիվ 1 նավթարդյունահանող երկիրը համարվող Սաուդյան Արաբիան, նպաստելով նավթի գների անկմանը, միաժամանակ երկակի նպատակ է հետապնդում: Նախ՝ քաղաքական տեսանկյունից, նման գործելաոճով սաուդցիները առաջին հերթին խոցում են իրենց տարածաշրջանային ավանդական հակառակորդին՝ Իրանին, ապա նաև որոշակի հաղթաթղթեր ձեռք բերում ԱՄՆ-ի հետ դաշնակցային փոխհարաբերությունների հարթությունում:
Տնտեսական առումով՝ թագավորության նպատակները շատ ավելի հեռուն են գնում: Նախ, առկա իրավիճակում Էր-Ռիադը փորձելու է նոր շուկաներ նվաճել՝ դրանցից դուրս թողնելով նախկին դերակատարներին, որոնք նավթի արդյունահանման, ապա նաև վաճառքի գների ոչ ձեռնտու լինելու պատճառով, ակնհայտորեն կդանդաղեցնեն դրա արդյունահանման տեմպերը: Բացի այդ, Էր-Ռիադի հաջորդ թիրախը նրա ներկայիս քաղաքական դաշնակից, իսկ նավթարդյունաբերության ոլորտում լրջագույն մրցակից ԱՄՆ-ն է, որը հանդիսանում է թերթաքարային նավթի խոշորագույն արտադրողը. նավթի վաճառքի ներկա սակագնի պայմաններում թերթաքարային նավթի արտադրությունը ևս կկորցնի իր արդյունավետությունը:
Փաստորեն միանշանակ կարելի է պնդել, որ Սաուդյան Արաբիան, ներգրավվելով մի խաղի մեջ, որի կանոննեն ակնհայտորեն չեն բխում նաև նրա իսկ շահերից, փորձում է գործընթացներն ուղղորդել սեփական շահերի հունով, իսկ որքանով կհաջողվի դա միապետությանը, ցույց կտան զարգացումները, որոնք աստիճանաբար ավելի ու ավելի անկանխատեսելի բնույթ են կրում:
Արմեն Պետրոսյան