Ճիշտ ընտրված գինին կարող է ուտեստը կատարելության հասցնել: Չնայած գինին ուտելիքի հետ համատեղելու խիստ կանոններ չկան, քանի որ դա, ի վերջո, կախված է սեփական ճաշակից, սոմելիեներն (գինի համտեսողներ) ու գուրմանները (համադամ կերակուրի սիրահարներ) ճիշտ ընտրություն կատարելու համար որոշ խորհուրդներ են տալիս:


Տավարի և գառան մսի հետ


Ցանկալի է ընտրել կարմիր գինի, հատկապես այնպիսի հագեցած կարմիր գինիներ, ինչպիսիք են Շիրազն (Shiraz) ու Կաբերնեն (Cabernet): Այլ տարբերակ կարող են հանդիսանալ Բարբերա (Barbera), Սանջիովեզե (Sangiovese), Կաբարնե Սովինյոն (Cabernet Sauvignon), Մերլո (Merlot), Պինո Նուար (Pinot Noir), և Զինֆանդել (Zinfandel) գինիները:


Հավի մսի հետ


Ճիշտ ընտրություն է սպիտակ գինին: Խորոված և տապակած հավի հետ փորձեք Շարդոնե: Հարուստ սոուսով պատրաստված հավը լավ համատեղվում է Շիրազի կամ միջին հագեցվածության Կաբարնե Սովինյոնի հետ:


Ձուկ և ծովամթերք


Ընտրեք այնպիսի սպիտակ գինիներ, ինչպիսիք են Շարդոնե, Ռայզլինգ (Riesling), Պինո Գրիժիո (Pinot Grigio), Սավինյոն Բլոն (Sauvignon Blanc) և Գըվուրցթրամինըր (Gewürztraminer): Խորոված ձուկը լավ է համատեղվում Շարդոնեի կամ նորմալ հնության Սեմիլիոնի հետ: Շոգեխաշած ձկան հետ գերազանց կլինի Պինո Նուարը, իսկ շերտավոր ձկների հետ՝ չոր Ռայզլինգ կամ Շարդոնե:


Կծու ուտելիք


Եթե կերակուրը կծու է՝ ընտրեք Ռայզլինգ և քաղցր Գըվուրցթրամինըր: Այս գինիների քաղցրությունը չեզոքացնում է ուտեստի կծվությունը: Խուսափեք Շարդոնեից, քանի որ այն կծու կերակուրներին դառը համ կհաղորդի:


Լոլիկի սոուսով (թթու) ճաշատեսակներ


Լոլիկի սոուսով պատրաստված ուտեստների հետ (սպագետի, պիցա) ընտրեք Բարբերա, Սանջիովեզե կամ Զինֆանդել:


Պանիրներ


Հագեցած գինիները լավ համատեղվում են պինդ պանիրների հետ: Օրինակ՝ Շիրազին սազում է Չեդեր պանիրը: Փափուկ պանիրների գործընկերներն էլ չոր Ռայզլինգ, Մարսան (Marsanne), կամ Վիոնիե (Viognier) գինիներն են: Քաղցր գինիները ճիշտ է ընտրել կապույտ պանիրների հետ:


Աղանդեր


Քաղցր գինիները լավ ընտրություն են՝ պայմանով, որ աղանդը գինուց քաղցր չէ:


Ուտեստը գինու հետ համատեղելու այլ նրբություններ


Հեշտ է ասել, որ թռչնամսի հետ սպիտակ գինին է լավ ընտրություն, իսկ գառան մսի հետ՝ կարմիրը: Բայց կոնկրետ ո՞ր գինու մասին է խոսքը, արդյո՞ք սրանք կանոններ են, որոնք չի կարելի խախտել: Սննդի պատրաստման ձևը բավական որոշիչ դեր ունի գինու ընտրության հարցում: Օրինակ՝ եթե հավի միսը նրբորեն եփված է, «երիտասարդ» Սեմիլիոնը շատ լավ կլինի: Տապակելիս յուղը հավի մսի համն ավելի հարուստ է դարձնում՝ պահանջելով ավելի թանձր գինի, օրինակ, «հասուն» Սեմիլիոն: Խորովելիս հավի միսը դառնում է ծխեցված և համապատասխանում փայտի մեջ հասունացրած գինու հետ, օրինակ՝ թեթև Շարդոնե: Երբ հավի միսը պատրաստում եք թթվասերի սոուսով՝ այն դառնում է իսկապես հարուստ ու հագեցած, և թանձր Շարդոնեն լավ կհամալրի այդ ուտեստը: Եթե պատրաստելիս ավելացնում եք սոյայի սոուս՝ կարող եք ընտրել թեթև կարմիր Պինո Նուար: Իսկ եթե միսը պատրաստել եք կարմիր գինու մեջ՝ այդպես էլ շարունակեք՝ ըմպեք կարմիր գինի:


Սովորեք գինու տարբեր համերին համապատասխան ուտելիքի ճիշտ բաղադրիչներ ընտրելը: Օրինակ՝ մրգային էլեմենտները և փայտի տոները կարևոր են ուտեստ ընտրելիս: Եթե զգում ես դեղձի, կոկոսի, արևադարձային այլ էլեմենտներ, ծխեցված կամ խոտաբույսերի համեր՝ ընտրի՛ր դրանց համապատասխան սնունդ:


Գինու գույնը նույնպես որոշիչ է: Թեթև, միջին կամ լիովին հագեցված գինիները պետք է մատուցել հենց այդպիսի ուտելիքի հետ: Բացի Պինո Նուարից՝ որքան մուգ է գինին, այնքան թանձր է այն:


Օգտագործիր գինու բուրմունքը այն ճիշտ համադրելու համար: Գինին տարբեր է բուրում՝ ծաղկային, մրգային, ընկուզային, սնկային և այլն: Համատեղի՛ր բուրմունքը համապատասխան սննդային բաղադրիչների հետ:

 

 


Վրեժ Հովսեփյան