Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը իրականում Հակոբոս առաքյալի Աթոռն է, ճիշտ է այն այսօր բաժանված է Հայ, Հույն եւ Կաթողիկե Եկեղեցիների միջեւ, սակայն չի դադարում առաքելական լինելուց, եւ այդ Աթոռից ելած ամեն մի խոսք ծանրակշիռ է:


Խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր այսօր գրիչ են վերցրել հայտնելու համար իրենց, մեղմ ասած, դժգոհությունը Երուսաղեմի Հայոց Պատրիարքի հասցեին, որ մի փոքր խորհեն, թե ինչ են անում: Մի՞թե կարծում եք, թե Պատրիարք Հայրը ուսանող է, ում կարելի է վարվեցողության դասեր տալ, կամ չի գիտակցում այն պատասխանատվությունը, որը ծանրացած է յուրաքանչյուր առաջնորդի վրա:


Հայաստանից դուրս գտնվող ոչ մի հայ հոգեւորական չի կամենում իր կապերը խզել Սուրբ Էջմիածնի եւ Հայաստանի հետ, ուստի, եթե Պատրիարք Հայրը հրապարակել է մի ուղերձ, ապա պետք է խորամուխ լինել՝ ըմբռնելու համար այդ խոսքերի կարեւորությունը: Եւ մի կողմ դրե՛ք ձեր խորը վիրավորվածի կեցվածքը, մի՞թե Պետրոս առաքյալը այդպիսի կեցվածք ընդունեց, երբ իրավացիորեն հանդիմանվեց Պողոս առաքյալից:


Այսօր ամբողջ հայ ժողովուրդը կարդում է ձեր ուղերձները եւ եզրակացություններ է անում, եւ ոչ միշտ այնպիսի, ինչպիսին դուք կցանկանայիք, եւ այդ եզրակացությունները կարող են ճակատագրական լինել ձեզ համար: Այո, կան ձեր շուրջը որոշ անձիք, ովքեր գովաբանում են ձեր գրելաոճը եւ համարձակությունը, ականջ մի՛ դրեք դրանց, Եկեղեցու շահերը առաջնային են:


Ժողովուրդ, Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը իր ամբողջ գոյության ընթացքում շարունակաբար գտնվել է հոգեւոր եւ մարմնավոր պատերազմի մեջ, եւ այսօր էլ վիճակը չի փոխվել: Սուրբ Երկրում չկա խաղաղություն. գիշերները կրակոցներ են լսվում, երբեմն ուղղաթիռները ամբողջ գիշեր պտտվում են քաղաքի վրա, տարբեր տեսակի սադրանքներ են պատահում, մահացու ելքով: Խնդիրներ կան նաեւ մեր ի Քրիստոս եղբայրների հետ, ովքեր մոռանալով Տիրոջ պատվիրանը, որ սիրենք միմյանց, զանազան հնարներ են փնտրում գրավելու համար Հայոց Եկեղեցուն՝ Տիրոջից վստահված տարածքները, եւ դրանով վարկաբեկում Եկեղեցին հեթանոսների առջեւ:


Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի առաքելությունը Սուրբ Երկրում դա հայ ժողովրդի առաքելությունն է, եւ մենք պատասխանատու ենք Տիրոջ առջեւ յուրաքանչյուր բացթողումի համար:


Իմ հորդորն է զորավիգ լինել այն անձանց, ովքեր պահպանում են այս ամենը ճակատի առաջին գծում:


P. S. Այսօր ուխտի էինք գնացել այն վայրը, որտեղ Փիլիպպոս առաքյալը մկրտել էր եթովպացի ներքինին: Պարզվում է, որ այդ տեղը ուխտավայր է դարձել նաեւ հրեաների համար, որոնց դուր չեկավ մեր ներկայությունը այդ վայրում, չնայած, որ դա Հայ Եկեղեցու տարածքն է, եւ նրանք զինյալներ ուղարկեցին մեր ուղղությամբ, սակայն դա չխանգարեց մեր վարժարանի սաներին, որ հանդարտ շարունակեն ժամերգությունը: Զինյալները պտտվեցին մեր շուրջը եւ հեռացան: Ահա ինչպիսի պայմաններում են պահվում Աստվածակոխ տեղերը, իսկ դուք ասում եք:

 

 

Արամ դպիր Դիլանյան