Ցանկացած կատաստրոֆա ցանկացած միջավայրում երբեք կետային գործողության չի լինում։ Չկա բնության մեջ կետային գործողության արհավիրք։ Լինի այդ արհավիրքը բնական աղետի տեսքով, վիրուսային վարակի տեսքով, պատերազմի տեսքով կամ սոցիալիզմի ու ֆաշիզմի տեսքով, կարևոր չէ, այն միշտ լայն տարածված թևեր է ունենում և բավականին լայն տարածքներ ու միջավայրեր է ընդգրկում։ Իհարկե, հիմնական հարվածը բաժին է ընկնում արհավիրքի էպիկենտրոնին, սակայն թևերը ևս փաղաքուշ կերպով չեն հարվածում և կարող են լուրջ կորուստներ պատճառել իրենց գործողության տարածություններում։
Հիմա մարդիկ շատ են խոսում Ռուսաստանի կործանումից։ Հաց ու ջրի նման երազելով այդ երկրի կործանումը նշածս մարդիկ մոռանում են վերևում ասածս որ ցանկացած արհավիրք լայն գործողության թևեր է ունենում։ Եթե Ռուսաստանը իրոք պիտի կործանվի ապա վստահ եմ որ տակը էլի մի բան կմնա։ Իսկ նրա կործանման ալիքից մեզ հասած հարվածները կարող են մեզ սրբել ու տանել երկրի երեսից որովհետև այնքան փոքրիկ ենք ինչքան տաշեղը փոթորկող օվկիանոսում։
Համլետ Աբրահամյան