Դեկտեմբերի 3-ին աշխատանքային այցելությամբ Բազելում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ ունեցած իր հանդիպման ժամանակ միջնորդների ուշադրությունը հրավիրեց վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանի կողմից ամենաբարձր մակարդակով սաստկացած ռազմատենչ հռետորաբանության, բանակցությունների էությունն ու բովանդակությունը խեղաթյուրող հայտարարությունների, մարդկային զոհերի պատճառ դարձած' Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումների, ուսումնավարժական թռիչք իրականացնող' Արցախի Պաշտպանության բանակի ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակի վրա։


Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները' ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջ մղման հնարավորությունների վերաբերյալ։


Էդվարդ Նալբանդյանը վերահաստատեց, որ Հայաստանը շարունակելու է եռանախագահների հետ համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը։

 

 

 Սասուն Հովհաննիսյան