«Ստալինի ողջ ժամանակը, ամբողջ քսան-երեսուն տարի, գիշեր ու ցերեկ ես մտածում էի այն մասին, թե եթե Ստալինին բռնեն ու իմ ձեռքը հանձնեն' ես նրան ի՞նչ պատժով պատժեմ։ Այդքան մեծ ոճրագործի համար աշխարհի ոչ մի օրենսգրքում պատիժ չի նախատեսված։ Ճիշտ այնպես, ինչպես հիվանդի ջերմաչափ շինողները չնախատեսելով, որ հիվանդը կարող է քառասուներեք աստիճան տաքություն ունենալ' ջերմաչափը քառասուներկու աստիճանից են կառուցել մինչեւ այսօր։ Հա... Ուրեմն ես ամբողջ երեսուն տարի Ստալինին պատիժ որոնեցի ու չգտա, իսկ այսօր, որ գտել եմ այդ պատիժը, ցավոք սրտի Ստալինն արդեն մեռել է։ Գիտե՞ք ինչ պատիժ է գտածս։ Ասեմ։ Եթե այս րոպեիս Ստալինին կենդանի իմ ձեռքը տային, ես առանց մազաչա՜փ խղճահարվելու… կամուսնացնեի նրան կնոջս հետ»։

 

 

 

«Այն ժամանակ, երբ ողջ Սովետական Միությունում մարդիկ անգամ չէին համարձակվում տնքալ՝ վախենալով, որ կառավարությունը այդ կարող էր դժգոհության նշան համարել իր ռեժիմի դեմ՝ ես դուրս եկա ու հրապարակով հայտարարեցի. «Թուրք կառավարությունը լավ է ձեր կառավարությունից»…
Դրանից հետո, ճիշտ է ես 20 տարվա տաժանակրության դատապարտվեցի ու բևեռ քշվեցի, բայց բևեռային տարածությունն էլ շատ քիչ է արգելելու համար, որ ես իմ նողկանքը չարտահայտեմ բոլշևիկյան կառավարությանը։ Շատ ափսոս, որ բևեռով վերջանում է աշխարհի սահմանը։ Ինձ տիեզերքի անհունությունն է պետք, որ անվերջ իմ գարշանքը հայտնեմ այդ կառավարությանը ու քշվեմ հեռավոր աքսորի…»:

 

 

«1935 թվի իմ ձերբակալության ժամանակ Չեկան ինձ մեղադրում էր ֆաշիզմի մեջ. իսկ ես ասացի՝ ես ոչ թե ֆաշիստ, այլ ֆաշիստներից դենն եմ։ Որովհետև ֆաշիստները ազգային սոցիալիստներ են, իսկ ես առհասարակ սոցիալիզմ չեմ ընդունում, լինի դա ազգային կամ ոչ ազգային։ Ես հաստատ համոզված էի, որ ինձ կգնդակահարեն։ Ինչի՞ց պիտի վախենայի։ Ֆաշիզմից այն կողմ եղողներին խոմ երկու անգամ չե՞ն գնդակահարում…»:

 

 

 

«Կյանքիս մեջ երկու շատ ծանր օրեր եմ տեսել։ Մեկը դրանցից այն օրն էր, երբ մենք պիտի գաղթեինք մեր հայրենիքից ընդմիշտ՝ տաճիկներին թողնելով մեր տունն ու տեղը, մեր նախահայրերի գերեզմանները և այն բոլորը, ինչ քաղցր էր մեզ համար աշխարհում։ Մի անակնկալ քամի պատուհանը բաց անելով հանկարծ մարեց մեր ճրագը, և մենք այլևս ոչինչ չտեսանք... Ու սա կես դար է համարյա, որ մենք աչք փակ դիտում ենք մեր կորցրած դրախտը մեր հոգու աչքերով։ Իմ կյանքի երկրորդ դժբախտ օրն այն էր, երբ օրը ցերեկով երկու չեկիստ եկան տունս խուզարկեցին, բաժանեցին ինձ իմ կնոջից ու երեք սիրասուն զավակներից, տարան չեկա ու երկաթե դուռը ետևիցս փակեցին։ Ես զրկված էի ապրելու համար երկու ամենաանհրաժեշտ բանից՝ Հայրենիքից ու Ազատությունից։ Եվ որովհետև չգիտեմ, թե այդ երկու բաներից որն է առաջնային, որը' երկրորդական, այդ պատճառով էլ ատում եմ տաճիկներին ու բոլշևիկներին հավասար ատելությամբ»։