Արյունահոսություն լինում է, երբ վնասվում են անոթները կամ մազանոթները: Արյունը մակարդվելու հիանալի հատկություն ունի, որն օգնում է կանգնեցնել արյունահոսությունը: Որպես կանոն, արյան մակարդելիությունը հնարավորություն է տալիս կանգնեցնել միայն աննշան արյունահոսությունը փոքր անոթներից և մազանոթներից: Սակայն կան հիվանդություններ, որոնց դեպքում արյան մակարդելիությունը նվազում է և կյանքի համար վտանգ է առաջանում, եթե ժամանակին անհրաժեշտ միջոցներ ձեռք չեն առնվում:

 

Արյունահոսության չորս տեսակ գոյություն ունի:


Մազանոթային արյունահոսություն: Նման տեսակին բոլորն էլ ծանոթ են, տնտեսության մեջ աշխատելիս մատը վնասվեց, կամ կատուն ճանկռեց և այլն: Մազանոթային արյունահոսության ժամանակ ընդամենը մի քանի կաթիլ արյուն կարող է հոսել:


Երակային արյունահոսություն: Սա արդեն վտանգավոր է, քանի որ լինում է խորը վերքերի դեպքում, երբ վնասվում են երակները: Այս դեպքում արյունը մուգ կարմիր գույն է ունենում:


Զարկերակային արյունահոսություն: Արյունը շատրվանի պես է հոսում, քանի որ զարկերակներում արյան հոսքն առավել քան արագ է. արյունը վառ կարմիր գույնի է:


Խառը տեսակի արյունահոսություն: Անվանումից արդեն պարզ է, որ առկա է և´ երակային, և´ զարկերակային արյունահոսությունը:


Մազանոթային արյունահոսության ժամանակ արյան հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է ընդամենը վերքի շուրջբոլորը մաքրել ջրածնի գերօքսիդով և վերքի վրա մանրէազերծ վիրակապ դնել, վրան մի կտոր բամբակ, ու վիրակապել: Կարևոր է հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի պատահական կտոր դնել, քանի որ դրանց վրա շատ են վնասակար մանրէները և վարակի վտանգը մեծ է:


Երակային արյունահոսության դեպքում արյան հոսքը կանգնեցնելը մի քիչ բարդ է: Ինչպես դպրոցում սովորեցրել են, նման արյունահոսության դեպքում անհրաժեշտ է ճնշող վիրակապ դնել, իսկ արյան հոսքը կանգնեցնելը մոտավորապես նույն կերպ է կատարվում, մաքրում են վերքի շուրջբոլորը, վրան դնում մանրէազերծ վիրակապը, հետո բամբակը և արդեն շատ պինդ վիրակապում, որն էլ հենց ճնշող վիրակապն է, որը ճնշելով վերքին, չի թողնում, որ արյունը հոսի:


Եթե ձեռքի տակ ոչինչ չկա ճնշող վիրակապ դարձնելու համար, ապա կարելի է և թաշկինակն օգտագործել, որը պետք է պինդ սեղմել վերքին և բաց չթողնել: Իսկ եթե վերքը ձեռքին է, ապա պետք է ձեռքը գլխից վերև բարձրացնել, որը կնպաստի արյունահոսության դադարեցմանը:


Զարկերակային արյունահոսությունը դադարեցնելն առավել դժվար է, քան նախորդ դեպքերում, այս դեպքում արդեն պետք է ձեռքի տակ լարան ունենալ, ինչպես նաև ճնշող վիրակապ: Լարանը կապում են վերքից վերև, որպեսզի կարճ ժամանակով կանգնեցնեն դեպի վերքը եկող արյան հոսքը: Հենց որ արյունահոսությունը դադարում է, անմիջապես ճնշող վիրակապն են դնում և լարանը հանում են:

Լարանը երկար ժամանակ պահել չի կարելի, որովհետև վտանգավոր է: Վերոհիշյալ արյունահոսությունների դեպքում արդեն պարզ է, թե ինչպես պետք է վարվել: Կան նաև արյունահոսության այլ տեսակներ, օրինակ, քթից արյունահոսությունը կամ ատամը հեռացնելուց հետո արյունահոսությունը:


Քթից արյունահոսությունը լինում է մի քանի պատճառներով, անհաջող հարված, շատ ուժեղ փռշտալ, կամ քիթը ուժեղ մաքրել, երբեմն էլ քթից արյունահոսություն կարող է լինել գրիպի հետևանքով: Այս դեպքում անհրաժեշտ է մարդուն պառկեցնել մեջքի վրա այնպես, որ գլուխը մի քիչ բարձր լինի: Քթարմատին, ինչպես նաև պարանոցի և սրտի հատվածում սառը թրջոց դնել: Հիվանդը չպետք է ոչ մի դեպքում քիթը ուժեղ մաքրի, իսկ եթե արյունն անցնում է ըմպանի մեջ, պետք է ոչ թե կուլ տալ, այլ թքել:


Եթե ատամն է հեռացվել, ապա ատամնաբույժը վերքի վրա խծուծ է դնում և պացիենտին զգուշացնում է, որ պետք է ուժեղ կծել: Այս արյունահոսությունը միանգամից չի դադարում, դրա համար ժամանակ է պետք: Տանն արդեն արյունը ներծծած խծուծի փոխարեն պետք է դնել նորը, որը մի քանի տակ ծալված վիրակապի կտոր է: Այն պետք է այնքան պահել, մինչև արյունահոսությունը դադարի:


Հաճախ հանդիպող արյունահոսություններից է ականջից արյունահոսությունը: Այն կանգնեցնելու համար մարդուն պառկեցնում են առողջ ականջի կողմի վրա, գլուխը մի քիչ բարձրացնելով: Արյունահոսող ականջի վրա մանրէազերծ վիրակապ են դնում և գլխով փաթաթում: Ականջի արյունահոսության դեպքում արգելվում է ականջը լվալ:


Կան նաև առավել բարդ և վտանգավոր տեսակների արյունահոսություններ: Օրինակ թոքային արյունահոսությունը: Դրա պատռճառը կարող է լինել հարվածը, մեկ կամ մի քանի կողոսկրերի կոտրվածքը, ինչպես նաև մի շարք հիվանդություններ, օրինակ, տուբերկուլոզը: Նման արյունահոսության նշաններից է, երբ հիվանդը ծանր է շնչում և արյուն է թքում: Նման դեպքում, մինչև բժշկի գալը, պետք է հիվանդին կիսանստած դիրքով պահել և կրծքավանդակին սառը թրջոց կամ սառույց դնել: Պետք է թույլ չտալ նաև հիվանդին խոսել, առավել ևս, շարժվել:


Ընդհանրապես ցանկացած տեսակի արյունահոսության դեպքում, բացի մազանոթայինից, պետք է դիմել բժշկին: Ինքնաբուժությունը, եթե չվնասի էլ, ոչ մի օգուտ չի տա: Եթե նույնիսկ հնարավոր է եղել կանգնեցնել արյունահոսությունը, միևնույնն է կամ պետք է շտապ օգնություն կանչել, կամ էլ հասնել մոտակա հիվանդանոց: Արյունահոսությունը կանգնեցնելն առաջին քայլն է, հետո պետք է պարզել պատճառները, որպեսզի խուսափել կրկնվող դեպքից: Բացի դրանից մասնագիտական օգնությունը կարող է շտկել նաև առաջին օգնության ժամանակ թույլ տրված անճշտությունները: Այդ պատճառով էլ անհրաժեշտ է հարկ եղած ուշադրությունը դարձնել ցանկացած արյունահոսությանը, եթե, իհարկե, այն մազանոթային չէ:

 

 

Վրեժ Հովսեփյան