Մամուլի ասուլիս խորհրդարանում
1 / 2
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի հրավիրած մամուլի ասուլիսը:
Տիկին Եսայանը նշել է, որ անցնող տարում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում եւ Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանը բավական ակտիվ է աշխատել, ինչի վառ ապացույցն է նաեւ օրեր առաջ Դակարում կայացած Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի ընդունած՝ Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձեւում Հայաստանի առաջարկությամբ ամրագրված՝ կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը' ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:
«Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա, մասնավորապես՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա»,-ամրագրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 15-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում:
Պատվիրակության ղեկավարը տեղեկացրել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության անդամ 80 երկրների շարքում կան նաեւ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ հանդիսացող երկրներ եւ, ըստ Մարգարիտ Եսայանի, շատ կարեւոր է, որ մահմեդական որոշ երկրներ եւս միացել են վերոնշյալ բանաձեւին:
Պատվիրակության ղեկավարը կարեւորել է 2015 թ.-ին Հայաստանում Ֆրանկոֆոնիայի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի անցկացումը: Տիկին Եսայանը նաեւ հիշեցրել է, որ 2015 թ.-ի մարտի 30-ից ապրիլի 2-ը Երեւանում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի ԽՎ Եվրոպայի տարածաշրջանի նախագահների նիստը:
Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ի համար անցնող տարին արդյունավետ է եղել, քանի որ ՀՀ Ազգային ժողովը դարձել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամ, ինչը, ըստ պատգամավորի, Հայաստանին հնարավորություն է ընձեռում արդեն լիարժեք անդամի կարգավիճակով կառույցում ներկայացնել մեր երկրի համար կարեւոր հարցերը:
Տիկին Եսայանը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունն ամբողջ աշխարհում ծանրակշիռ ազդեցություն ունի եւ Հայաստանի Հանրապետությունն այդ կառույցում ընկալելի եւ վստահելի գործընկեր է:
ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը պատասխանել է լրագրողների հարցերին:
Մարգարիտ Եսայան