Թուրքիայում 2015 թ. հունվարի 1-ից գործելու է վճարի դիմաց պարտադիր զինվորական ծառայությունից ազատման կարգը: Այսօր Թուրքիայի վարչապետ Դավութօղլուն է այդ մասին հայտարարել՝ նշելով, որ 18 հազար ԹԼ վճարի դիմաց զինապարտները կարող են ազատվել ծառայությունից: Կառավարության հաշվարկներով՝ այդ կարգից կարող է օգտվել մոտ 700 հազար մարդ:

 

 

Դավութօղլուն այս կարգի կիրառումը կապել է Թուրքիայի պաշտպանական համակարգում իրականացվող բարեփոխումների հետ: Նախատեսվում է դրանից ստացված գումարներն ուղղել թուրքական ռազմաարդյունաբերության զարգացմանը:

 

 


Ավելի վաղ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն իր մտահոգությունն էր հայտնել դրա հետ կապված՝ հիմնավորելով անկայուն տարածաշրջանում Թուրքիայի գտնվելն ու բանակի կարևոր դերակատարության հանգամանքը: Նման կարգի սահմանումը Թուրքիայում դիտարկվում է նաև պրոֆեսիոնալ բանակի անցման հեռանկարի տեսանկյունից, քանի որ թուրքական բանակը թվաքանակի խնդիր չունի: Կարևոր խնդիրը հեռանկարում լինելու է պրոֆեսիոնալ բանակի անցման գործընթացը, որն այնքան էլ հարթ ու սահուն չի լինելու այդ երկրի համար:

 

 

 

Լևոն Հովսեփյան