Ասում են՝ «Իսլամական պետության» (ԻՊ) առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին երկու ամիս Սիրիայի տարածքում մնալուց հետո օրերս տեղափոխվել է Իրաքի՝ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաք: Դրա պատճառը Սիրիայի տարածքում իսլամականների դիրքերին միջազգային կոալիցիոն, մասնավորապես ամերիկյան, ինչպես նաև սիրիական կառավարական օդուժների կողմից հասցվող հարվածերի ակտիվացումն է: Ասում են նաև՝ ալ-Բաղդադին Մոսուլ է եկել մոտ 200 թիկնապահների ուղեկցությամբ:
Նշվում է նաև, որ ԻՊ-ի առաջնորդի՝ Մոսուլ տեղափոխվելուց առաջ քաղաքում էական անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել՝ ամբողջությամբ անջատվել է բջջային հեռախոսակապի ցանցերի աշխատանքն, այստեղ են բերվել ԻՊ-ի լրացուցիչ զորամիավորումներ և այլն:
Վերոնշյալ տեղեկատվությունը հաստատվել է նաև Իրաքի պաշտպանության նախարարության աղբյուրների կողմից:
Ըստ մի շարք լիբանանյան լրատվամիջոցների՝ մոտ 10 օր առաջ լիբանանյան իշխանություններն օտարերկրյա հատուկ ծառայություններից մեկի հետ ձեռնարկած հատուկ գործողության արդյունքում ձերբակալել են Աբու Բաքր ալ-Բաղդադիի կանանցից մեկին և որդուն, որոնք փորձել են կեղծ փաստաթղթերով հատել սիրիա-լիբանանյան սահմանը:
Թվարկված միջադեպերը խոսում են այն մասին, որ ԻՊ-ի դեմ իրականացվող պայքարն, այնուամենայնիվ, էականորեն թուլացրել է կառույցի դիրքերը: Մյուս կողմից, կառույցի ղեկավարի և նրա մերձավոր շրջապատի անվտանգությանն ուղղված միջոցառումների աննախադեպ ակտիվացումը, հատկապես մոտ 2 շաբաթ առաջ նրանց դեմ իրականացված օդային հարվածից հետո, թույլ է տալիս ենթադրելու, որ ԻՊ-ի դեմ իրականացվող պայքարի մարտավարության շրջանակներում առկա է ևս մեկ՝ ոչ բացահայտ ուղղվածություն, որի նպատակն է օտարերկրյա հատուկ ծառայությունների՝ իսլամականների շարքերում գործող գործակալների մասնակցությամբ կառույցի ղեկավար օղակների դեմ հատուկ գործողությունների իրականացումը:
Արմեն Պետրոսյան