Նավթի համաշխարհային գնի անկումն անելանելի իրավիճակի մեջ է գցել աշխարհի բազմաթիվ երկրների: Ընթացիկ տարում նավթի գինն անկում է ապրել շուրջ 37%՝ Նյու Յորքում անցած շաբաթվա վերջին արձանագրելով մեկ բարելի դիմաց շուրջ 66 դոլար սակագինը:
Հատկանշական է, որ Նավթ արդյունաբերող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ) անդամ պետությունների ճնշող մեծամասնությունը, որպեսզի կարողանա պահպանել իր բյուջեի հավասարակշռությունը, կարիք ունի մեկ բարելի դիմաց 100 դոլարը գերազանցող նավթի ինքնարժեքի: Այն պետությունների շարքում, որոնք ունեն նավթի՝ համեմատաբար բարձր սակագնի անհրաժեշտություն, կարելի է առանձնացնել Իրանը, որի շեմը պայմանականորեն կարելի է սահմանել 137 դոլարը, Վենեսուելան, Նիգերիան (սահմանագիծը՝ 120 դոլար) և նաև Ռուսաստանը, որը ՆԱԵԿ-ում դիտորդ երկիր է (շեմը՝ 101 դոլար): Սակայն իրանցի որոշ փորձագետների հոռետեսական կանխատեսումների համաձայն՝ նավթի գինն առաջիկայում կարող է անկում ապրել մինչև 40 դոլար, որը նույնիսկ «չի փրկի» այնպիսի երկրների, ինչպիսիք են Քուվեյթը, Կատարը, ԱՄԷ-ն, որոնց պայմանական շեմը 70 դոլարն է:
Ռուդիկ Յարալյան