Նավթի համաշխարհային գների անկումը, կարծես թե, շարունակական բնույթ ունի և արդեն իսկ լրջորեն ազդում է Ռուսաստանի տնտեսության վրա՝ նավթի էժանացմանը զուգահեռ էժանանում է նաև ռուբլին: Հասկանալի է, որ գործընթացի արդյունքում էապես նվազելու են Ռուսաստանի՝ նավթի վաճառքից գոյացող արտարժույթային եկամուտները, ինչն, իհարկե, որոշակիորեն կազդի ՌԴ 2015թ. բյուջեի կատարողականի վրա:

 

 

Բայց նավթի գնանկումն, ամենայն հավանականությամբ, կունենա Ռուսաստանյան տնտեսական համակարգի համար մեկ այլ՝ նույնքան կարևոր ու խիստ բացասական հետևանք: Բանն այն է, որ, եթե չեմ սխալվում (իսկ եթե սխալվում եմ, ապա թող ինձ ուղղեն այս հարցին լիարժեք կերպով տիրապետող մասնագետները), ըստ ընդունված կարգի, Ռուսաստանն իր կողմից վաճառվող գազի գնի հաշվարկն իրականացնում է հիմք ընդունելով հենց նավթի շուկայական գները:

 

 

Սա նշանակում է, որ, համաձայն գազի գնագոյացման այդ բանաձևի, նավթի էժանացմանը որոշ ժամանակ անց հետևելու է նաև գազի գնի էական նվազումը: Այս պարագայում անգամ Չիաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումն ու փոխհաշվարկները բացառապես յուանով կամ ռուբլիով իրականացնելը խնդրի լուծում չի պարունակելու: Այդուհանդերձ, ինձ թվում է, որ գազի գինը Հայաստանի համար, թերևս, նույնը կմնա:

 

 

 

 

Արմեն Մելիքյան