Բոլիվիան դարձավ Լատինական Ամերիկայում 5–րդ (Ուրուգվայից, Արգենտինայից, Չիլիից, Վենեսուելայից հետո) և աշխարհում 22–րդ պետությունը, որը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Վերջին անգամ նման բան լսել էինք 2010 թ.–ին, երբ Շվեդիայի Ռիգսդագը ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունեց։ 4 տարվա ընդմիջումից հետո և Ցեղասպանության 100–ամյակի շեմին շատ դրական և կարևոր գործընթաց է հասունանում։ Հատկանշական է, որ այս մայրցամաքի պետությունների ղեկավարների և Սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպումները շատ ավելի քիչ են, քան եվրոպական կամ հյուսիս–ամերիկյան մայրցամաքի ներկայացուցիչների հետ։ Բայց, փաստորեն, այստեղից ավելի շատ սպասելիք պետք է ունենաք, քան «քաղաքակիրթ» ԱՄՆ–ից կամ եվրոպական որոշ երկրներից։ ՄԵՐԿՈՍՈՒՐ–ի խորհրդարանը ևս, 2007 թ.–ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այդ հարավ–ամերիկյան խոշոր տնտեսական կազմակերպության 5 անդամ–պետություններից 3–ն արդեն ճանաչել են, իսկ Բոլիվիան ասոցացված անդամ է։ Պատկերն ամբողջական կլինի, եթե Բրազիլիան և Կոլումբիան ևս ճանաչեն և դատապարտեն Հայոց ցեղասպանության փաստը։


Այս պետությունները Թուրքիայից տնտեսական կախում չունեն, և նրանց համար ավելի հաճելի է տեղի աշխատասեր և ազնիվ հայ համայնքին հաճոյանալ, քան մի արյունարբու կայսրության իրավահաջորդ պետությանը։


Կարևոր է նաև միշտ հիշել, որ, թեկուզ աշխարհի 195 ճանաչված պետություններից 193–ն էլ ընդունեն ցեղասպանությունը (Ադրբեջան և Թուրքիա հանած), միևնույնն է, մեր գլխավոր խնդիրը Թուրքիան է, նրան ստիպելը, որ ճանաչի և հաշվի նստի իր անցյալի հետ։

 

 

հ.գ. Նկարում Բոլիվիայի խորհրդարանի շենքն է

 

 


Արամ Գևորգյան