Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ այս տարվա առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստանում կրճատվել է որոշ սննդատեսակների արտադրությունը, որոնք միջին վիճակագրական սպառողի սննդակարգում առաջնային տեղերից մեկն են զբաղեցնում:
Այսպես, կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 7.5 տոկոսով, թթվասերինը՝ 3.5%-ով, հացի արտադրությունը՝ 1.4%-ով:
Տվյալ դեպքում վերոնշյալ սննդատեսակների կրճատման պատճառները կարող են լինել կա՛մ պահանջարկի նվազումը (ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես մարդկանց տնտեսական վիճակի վատթարացմամբ, այնպես էլ բնակչության թվի նվազմամբ), կա՛մ վերոնշյալ սննդատեսակների արտադրության ոչ եկամտաբեր լինելով (դա էլ կարող է պայմանավորված լինել հարկային բեռի ավելացմամբ, արտադրության վրա ծախսվող գումարի ավելացմամբ, որը բոլորովին էլ զարմանալի չէ՝ հաշվի առնելով, օրինակ, երկրում տեղի ունեցած էլեկտրաէներգիայի և գազի թանկացումը):
Ամեն դեպքում, նման սննդատեսակների արտադրության ծավալների կրճատումը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երկրում առկա է սոցիալ-տնտեսական լուրջ ճգնաժամ, որի վրա գործող իշխանությունը պարզապես աչք է փակում: Իսկ խնդիրներն անտեսող իշխանությունը պարզապես իրավունք չունի կառավարելու երկիրը, քանի որ նման իշխանությունների պատճառով կառավարվող օբյեկտը կարող է պարզապես դադարել գոյություն ունենալուց:
Նինա Մարգարյան