Օքսֆորդի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքների համաձայն, մրգերը պետք է մարդու ամենօրյա սննդակարգի պարտադիր բաղադրիչը լինեն: Դրանց ամենափոքր չափաբաժինն անգամ ինֆարկտի եւ ինսուլտի առաջացման ռիսկը 40 տոկոսի չափով նվազեցնելու հնարավորություն կարող է ընձեռել:
Օքսֆորդցիները յոթ տարի շարունակ հետազոտության գրեթե 500 հազար մասնակիցների առողջական վիճակն են ուսումնասիրել՝ պարզելու համար, որ սննդակարգում մրգերի ամենօրյա առկայությամբ առաջնորդվող մարդիկ առավել հազվադեպ են սրտի հիվանդությունների եւ ինսուլտի երկու տեսակների հետ առնչվում: Մրգերի օգտագործման հաճախականությունը հետազոտության շրջանակում հինգ չափանիշներով է բնորոշվել՝ «երբեք», «ամիսը մեկ անգամ», «շաբաթական 1-3 անգամ», «շաբաթական 4-6 անգամ» եւ «ամեն օր»: Համաձայն վերլուծության արդյունքների, որքան բարձր է հիշյալ չափանիշը, այնքան բարդությունների առաջացման առավել ցածր ռիսկ է ենթադրվում:
Ընդհանրապես մրգերից չօգտվող մասնակիցների հետ համեմատությամբ, ամեն օր ընդամենը մեկ միրգ վայելող մարդկանց մոտ սրտանոթային հիվանդությունների առաջացման ցուցանիշները 15 տոկոսի չափով, իշեմիկ ինսուլտինը՝ 25 տոկոսով, իսկ հեմոռագիկ ինսուլտի առաջացման ռիսկը՝ 40 տոկոսի չափով ցածր են գնահատվել: Բացի այդ, մրգերի սիրահարների մոտ նշանակալիրեն՝ սնդիկի սյան 3,4 եւ 4,1 մմ-ով ցածր՝ համապատասխանաբար սիստոլիկ եւ դիաստոլիկ ճնշում է արձանագրվել
Սննդակարգում առավել հաճախ մրգեր ներառող մարդկանց մեծ մասը օրական դրանցից մեկուկես չափաբաժին է վայելում: Ընդ որում, միավոր չափաբաժինն, օրինակ, մեկ ոչ մեծ խնձորի կամ նարնջի է հավասար:
Հետազոտության բոլոր մասնակիցների մոտ ուսումնասիրությունների մեկնարկի պահին որեւէ լուրջ առողջական խնդիրներ չեն բացահայտվել: Յոթ տարիների ընթացքում նրանցից 19300-ի պարագայում սրտային հիվանդություններ են առաջացել, եւ 196989 դեպքերում՝ ինսուլտի առաջացում արձանագրվել:
Վրեժ Հովսեփյան