Այն, ինչ տեղի ունեցավ ավագանու երեկվա նիստում, երբ քվեարկության էր դրվել համայնքային ծառայողների աշխատավարձը բարձրացնելու հարցը, պարզապես զարմացնում է։ Որոշ մարդկանց լսելով' տպավորություն կարող է ստեղծվել, որ այս երկրի դժվարությունների ու սոցիալական անհավասարության պատճառը համայնքային աշխատողներն են՝ իրենց "հսկայական" վարձատրությամբ։
Տիկնայք և պարոնայք, չլինի՞ մտածում եք՝ շուրջ 2000 համայքնային ծառայողները օլիգարխներ են, ու նրանց աշխատավարձը աստղաբաշխական մեծություն ունի։ Օլիգարխ է, ասենք, առաջատար մասնագետը, ով ամսական ստանում է 180 հազար դրամ աշխատավարձ (առձեռն՝ մոտ 134 հազար դրամ)։ Ու երբ առաջարկվում է 180 հազարը դարձնել 207 հազար (առձեռն՝ մոտ 153 հազար դրամ), նա այնքան կհղփանա, որ դուրս չի գա բրենդային խանութներից։

 

 


Ոչ, հարգելիներս։ Այս մարդիկ օլիգարխներ չեն։ Ու նրանց աշխատավարձն իրականում չի աճում, այլ ընդամենը դրանով փոխհատուցվում է գների աճը վերջին 4-5 տարիների ընթացքում, որովհետև գներն աճել են, իսկ աշխատավարձերը մնացել են անփոփոխ։
Այս մարդիկ բրենդային կոստյումներ չեն գնելու այդ ավելացած 20-25 հազար դրամի շնորհիվ, այլ հոգալու են իրենց ընտանիքների անհրաժեշտ կարիքները։
Ասում եք՝ սոցիալական բևեռացում կա։ Այո, կա։ Այն էլ ինչպիսի բևեռացում։ Սակայն այլ տեղ փնտրեք այդ բևեռացման աղբյուրն ու վկայությունը։ Օրինակ՝ ուսումնասիրեք ձեր շրջապատի ունեցվածքն ու հայտարագրերը։

 

 


Ինչպե՞ս կարելի է խոսել սոցիալական բևեռացումից, սոցիալական արդարությունից, աշխատանքի արդյունավետությունից... ու դեմ քվեարկել համայնքային ծառայողի աշխատավարձերի բարձրացմանը։ Սկզբում կողմ լինել, քննարկումների ժամանակ համաձայնել, հետո տեսախցիկների առջև ինքնանպատակ ընդդիմանալ։
Ինչպես կարելի է մտածել, որ մարդիկ հիշողություն չունեն ու չեն հիշում, թե դուք ինչ դիրքորոշում ունեիք պետական համակարգում աշխատավարձերի հարցում։
Դա անգամ դեմագոգիա չէ։ Դա զավեշտ է։
Հ.Գ.- Առավել քան համոզված եմ, որ եթե աշխատավարձերի փոխարեն մեծացվեր շինմոնտաժային աշխատանքների ֆինանսավորումը, ավելի բուռն էին քննդատելու։ Իսկ եթե ծախսերն ընդհանրապես չմեծացվեին ոչ մի ուղղությամբ, բյուջեն անվանելու էին ոչ մի խնդիր չլուծող թղթի կտոր։

 

 

 

Ռուսլան Բաղդասարյան