Դեղագործի աշխատանքը մեծ տոկունություն է պահանջում։ Դեղատան աշխատակցին կարելի է համեմատել տարածամրցորդի (ստայերի) հետ, քանզի ցուցափեղկերից պահանջվող դեղամիջոցները տանել-բերելու համար նա օրական մոտ 7 կմ «մրցավազք» է կատարում։


Կհամաձայնեք, թերևս, որ նույնիսկ մարզված վազորդի համար դա բավականին մեծ տարածություն է։ Ընդ որում, հարկավոր է նաև լավ տեսք ունենալ, լինել հմայիչ և ժպտերես։ իսկ որտե՞ղ է գտնվում էներգիայի և գեղեցկության աղբյուրը։ Այս խնդիրը յուրաքանչյուր դեղագործի համար տեղին է։


Բոլորը գիտեն, որ մարդն էներգիայով «լիցքավորվում է» սննդի միջոցով, իսկ ավելի ստույգ' ածխաջրերով, սպիտակուցներով և ճարպերով։ Օրինակ' 1գ ածխաջրերի և սպիտակուցների այրման արդյունքում 4,1կկալ է առաջանում, իսկ 1գ ճարպի այրման դեպքում' 9,3կկալ։ Ստացված էներգիայի մի մասն օրգանիզմն օգտագործում է իր կարիքների համար, իսկ մյուս մասը Կրեբսի ցիկլում մասնակցում է ԱԵՖ մոլեկուլի սինթեզմանը։ Այս պարագայում էներգիան յուրօրինակ դեր է կատարում, այսինքն' կուտակվելով անհրաժեշտ քանակությամբ' հեշտությամբ տեղափոխվում է օրգանիզմի այն հատվածը, որտեղ իր անհրաժեշտությունը զգացվում է։ Այս գործընթացն առանց վիտամինների և ածխաջրերի մասնակցության գործնականում անհնար է։


Վիտամիններ B1-ը, B2-ը, նիկոտինամիդը և բիոտինը Կրեբսի ցիկլում համաֆերմենտների դեր են կատարում, երկաթը, վիտամին B12-ը և ֆոլաթթուն անհրաժեշտ են հեմոգլոբինի սինթեզման համար (թթվածինը հասցնում են հյուսվածքներին), վիտամիններ B1-ը, B6-ը, ֆոսֆորը, կալցիումը, մագնեզիումն ու յոդն անփոխարինելի դեր ունեն նյարդային համակարգի և նյարդային իմպուլսների բնականոն գործունեության համար (կանոնավորում են մտավոր և ֆիզիկական ակտիվությունը)։ Վիտամիններ A-ն, E-ն և C-ն, պղինձը, սելենը և ցինկն օժտված են խիստ հակաօքսիդանտ հատկություններով, որոնք խթանում են օրգանիզմի հարմարվողականությունն ու դիմադրողականությունը։


Վիտամիններն ու հանքանյութերը մասնակցում են օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսներին։ Վիտամինների' բիոքիմիական ռեակցիաների կոֆերմենտների դեֆիցիտը Կրեբսի ցիկլում հանգեցնում է օդակեցական (աերոբային) էներգագոյացման նվազեցմանը։ Պատահական չէ, որ հիպովիտամինոզիայնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են' հոգնածությունն ու քնկոտությունը, համարվում են «էներգիայի դեֆիցիտի» առաջին ազդարարները։ Օրգանիզմի էներգիայի պաշարներն անհնար է լրացնել առանց վիտամինների և միներալների։ Մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը հնարավոր է հաղթահարել միայն' ադապտոգեների համակցությամբ վիտամիններ և միներալներ ընդունելով։


Աշխատանքից չհոգնելու, տնային գործերի համար ուժ ունենալու և ակտիվ հանգիստ կազմակերպելու համար հարկավոր է ընդունել օրգանիզմին անհրաժեշտ վիտամինների, հանքանյութերի որոշակի քանակություն։ Հայտնի բան է, որ յուրաքանչյուր կին ուզում է լինել գեղեցիկ։ Ուստի միշտ պետք է հիշել, որ կանայք ունեն իրենց մաշկի, մազերի և եղունգների գեղեցկությունն ապահովող «օգնականներ»։
Բետա-կարոտինը դրական ազդեցություն է թողնում լորձաթաղանթի վերնահյուսվածքի վրա և օգնում է ազատվել պիգմենտային բծերից։


Վիտամիններ A-ն և D-ն կանխարգելում են մաշկի բջիջների եղջերացումը։


Վիտամին E-ն մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից, որոնք խոչընդոտում են ազատ ռադիկալների բնականոն գործունեությանը և հանգեցնում խոնավության քաղցի։
Դաշտային ձիաձետը նպաստում է վնասված շարակցական հյուսվածքների վերականգնմանը։
Բիոֆլավոնոյիդներն ամրացնում են կոլլագենային հյուսվածքը, բարելավում արյան շրջանառությունն ու մաշկի տոնուսը։


Մաշկի գեղեցկության համար անհրաժեշտ են նաև B խմբի վիտամիններ, մագնեզիում, յոդ,ցինկ, սելեն և ֆոսֆոր։


Կհամաձայնեք, թերևս, որ կանացի գեղեցկությունն ամբողջական են դարձնում գեղեցիկ և հարդարված վարսերը։ Յուրաքանչյուր տիպի սանրվածք, լինի կարճ, թե երկար մազերով, անկրկնելի կերպար կարող է հաղորդել կնոջը միայն այն պարագայում, երբ մազերն ամուր և առողջ տեսք ունեն։


Դրա համար անհրաժեշտ են հատուկ ամինաթթուներ (L-ցիստեին և L-մեթիոնին), որոնք բարելավում են մազերի որակն ու կառուցվածքը, խթանում են աճը և կանխում մազաթափությունը։

Պարաամինոբենզոաթթուն նպաստում է մազերի բնական գույնի վերականգնմանը։ Բետա-կարոտինը, վիտամիններ D-ն և E-ն, բիոտինը, կալցիումը, երկաթը, յոդը, մագնեզիումը և ֆոսֆորն օգնում են մազերը բուժելուն և ամրացնելուն։


Խնամքի կարիք ունեն ոչ միայն մազերը, այլև ձեռքերը. ահա թե ինչու ոչ պակաս կարևորություն ունի եղունգների վիճակը։ Եղունգային թաղանթների ամրությունն ապահովելու համար կենսական նշանակություն ունեն կալցիումը, երկաթը և դաշտային ձիաձետը, ինչպես նաև ֆոսֆորը, բորը, մագնեզիումը, յոդը, բիոտինը և վիտամին D-ն։


Վիտամինները, հանքանյութերն ու ամինաթթուները ոչ միայն նպաստում են մաշկի, մազերի և եղունգների գեղեցկության պահպանմանը, այլև երկարաձգում և ուժեղացնում են կոսմետիկ միջոցների ազդեցությունը։
Լինել գեղեցիկ, նշանակում է լինել ինքնավստահ։ Ինչպես ասում են'գեղեցկությունն անհաղթելի ուժ է, և յուրաքանչյուր կին գեղեցիկ լինելու իրավունք ունի։

 

 


Վրեժ Հովսեփյան