Բացահայտվել են նախկինում ռախիտից և օստեոպորոզից փրկիչ համարվող D վիտամինի նոր հատկությունները։ Պարզվում է, որ այն ունակ է կանխելու ծերունական թուլամտությունը, որը լայնորեն տարածված է երկարակյացներով բնակվող երկրներում։


Խնդիրը ոչ թե երկար ապրելը, այլ կյանքը իր և իրեն շրջապատող մարդկանց համար մղձավանջի չվերածելն է։ Ահա թե ինչու զարգացած երկրներում հարյուրհազարավոր հետազոտողներ փնտրում են բուժամիջոցներ «երրորդ տարիք» կոչվող Ալցհեյմերի հիվանդության կամ ուղղակի ծերունական դեմենցիայի (թուլամտություն) դեմ։


Պարզվել է, որ ծերունիներին այս տհաճ վիճակից կարող է փրկել ձկան յուղը, որը նախկինում ռախիտի կանխարգելման և բուժման նպատակով տալիս էին երեխաներին։ Ձկան յուղի մեջ պարունակվող D վիտամինը ինքնուրույն գոյանում է նաև մարդու մաշկի մեջ, եթե նա հաճախակի զբոսնում է արևային եղանակին։ Տարիքի հետ, սակայն, այդ հատկությունը նվազում է։ Այս եզրակացության են եկել ամերիկացի և բրիտանացի գիտնականները, որոնք հետազոտել են 65 տարեկան և ավելի մեծ տարիքի 2000 մարդու։
D վիտամինը կանոնակարգում է օրգանիզմի կողմից կալցիումի յուրացումը և ոսկրերի սնուցումը։ Այն խիստ անհրաժեշտ է փոքր երեխաների ողնաշարի կազմավորման համար։ Գործընթացը բարդ է. սկզբում վիտամինը պահեստավորվում է լյարդում' վերածվելով մեկ այլ նյութի, այնտեղից հասնում երիկամներ։ Երբ վահանագեղձը ահազանգում է արյան մեջ կալցիումի պակասի մասին, այդ վիտամինը կրկին փոխակերպվում է և երիկամներից անցնում արյան մեջ, խթանելով սննդից կալցիումի յուրացման գործընթացին։ Այդ ճանապարհին D վիտամինը հավանաբար ազդում է գլխուղեղի աշխատանքի վրա։
Հետազոտության արդյունքները ցույց տվեցին, որ այն ծերունիները, որոնց օրգանիզմում D վիտամինի պարունակությունը բարձր է, երկու անգամ ավելի պակաս են վտանգված մտավոր ունակությունների նվազմանը և, հետևաբար, այդ վիտամինի պակասության դեպքում երկու անգամ ավելի մեծ է ուշադրության և հիշողության կորստի հավանականությունը։


D վիտամին պարունակում են յուղոտ ձկան միսը, ձուն և մի շարք այլ սննդամթերքներ։ Սակայն մեծահասակները քիչ են օգտագործում այս սննդատեսակները։ Բրիտանացի գիտնականների կարծիքով, D վիտամինի հաբերով ուղղակի կարելի է նվազեցնել ծերունական թուլամտության առաջացումը։

Վտանգավոր է նաև այդ վիտամինի ավելցուկը, որից օրգանիզմը կարող է թունավորվել։ Ծերունական թուլամտությունից նախապես պաշտպանվելու նպատակով բժիշկը կնշանակի համապատասխան դեղաչափեր։ Երեխաների և մինչև 50 տարեկանների օրական դեղաչափը մինչև 10 մկգ է (400ME), է, 51 տարեկանից մեծերինը' 5 մկգ-ից (200ME) ոչ ավելի։

 

 


Վրեժ Հովսեփյան