Վիտամին A-ն հայտնագործվել է 1923 թվականին: Այն մասնակցում է օրգանիզմի բոլոր հիմնական գործառույթներին և սնուցում մաշկի բջիջները, ինչի շնորհիվ պահպանվում է դրա գեղեցկությունն ու երիտասարդությունը:
Վիտամին A-ն անփոխարինելի է տեսողության համար, այն լավացնում է նյութափոխանակությունը և ամրացնում իմունիտետը: Բացի դրանից, առանց այս վիտամինի հնարավոր չէ ձվաբջիջների զարգացումը:
Վիտամին A-ի անբավարարությունը հանգեցնում է մթության մեջ տեսողության վատացման' հավկուրության:
Մարմնի, և հատկապես ձեռքերի մաշկի չորությունը կարող է հրահրված լինել վիտամին A-ի անբավարարությամբ: Բացի դրանից, վիտամինի անբավարար օգտագործման հետևանքով ուռուցքային հիվանդությունների զարգացման ռիսկը բարձրանում է մի քանի անգամ:
Վիտամին A-ի չափից ավելի օգտագործումը (դեղահաբերի ձևով) կարող է հանգեցնել սիրտ-անոթային հիվանդությունների, և նույնիսկ ուռուցքային բջիջների առաջացման: Դրա պատճառն այն է, որ վիտամին A-ն դասվում է վիտամինների այն խմբին, որոնք, ավելցուկի դեպքում, ունակ են կուտակվելու օրգանիզմում:
Վիտամին A-ի աղբյուրներն են
Վիտամին A (ռետինոլ) կարելի է ստանալ կենդանական ծագման մթերքից: Սակայն, որոշ բուսական ծագման մթերքներում պարունակվում է կարոտին, որը մարդու օրգանիզմում կարող է փոխակերպվել վիտամին A-ի:
Ռետինոլի հիմնական աղբյուրներն են. կաթնամթերքը, սերուցքային կարագը, ձվի դեղնուցը, ձուկը և տավարի ու խոզի լյարդը:
Կարոտինի հիմնական աղբյուրներն են. գազարը, ծիրանը, կանաչ բանջարեղենը, կարտոֆիլը, բոլոր տեսակի կաղամբները, դեղին գույնի մրգերն ու բանջարեղենը, արևածաղկի սերմերը:
Վիտամին A-ի օրական չափաքանակը
Գիտնականները, անցկացված հետազոտությունների արդյունքում, պարզել են, որ մարդու առողջության պահպանման համար բավական է օրական վիտամին A-ի 500ME չափաքանակը: Կարելի է օգտագործել ինչպես կենդանական, այնպես էլ բուսական ծագման մթերք: Սակայն հնարավոր է վիտամինի պակասը լրացնել նաև մրգերով ու բանջարեղենով: Օրինակ, բավական է օրվա մեջ ուտել 100 գրամ գազար կամ բողկ:
Վրեժ Հովսեփյան