Ցանկացած կնոջ համար հաճելի է, երբ հենց ի՛ր նվերն է բազում դրական զգացումներ առաջացնում ստացողի հոգում և ընդգծում իր առանձնահատուկ վերաբերմունքը նրա նկատմամբ: Ուստի, նախքան նվեր ընտրելը, հարկավոր է հստակեցնել՝ ում եք պատրաստվում շնորհավորել և ինչպիսին է ձեր վերաբերմունքը նրա նկատմամբ…

 

Նվեր սիրելիին


Ամեն ինչ կախված է նրանից, թե տվյալ պահին ինչ փուլում են ձեր փոխհարաբերությունները, ինչ զարգացում ունի ձեր սիրավեպը: Սիրելի տղամարդու համար նախատեսված նվերները պայմանականորեն կարելի է բաժանել 2 մասի՝ «անձնապես նրա համար» և «ձեր երկուսի համար»:


«Ձեր երկուսի համար» նվերների մեջ մտնում է այն ամենը, ինչը կարող է խորհրդանշել համատեղ ժամանցը: Օրինակ' շատ լավ նվեր կարող է լինել մոմերի լույսի ներքո ռոմանտիկ ընթրիքը, էքսկուրսիա­ճանապարհորդությունը, ֆուտբոլի, կինոյի, թատրոնի, համերգի տոմսը: Սակայն տոմսեր գնելիս հիշե՛ք, որ անհրաժեշտ է առաջնորդվել առաջին հերթին սիրելիի, այլ ոչ թե ձեր նախապատվություններով:


«Անձնապես նրա համար» նվերներ կարող են համարվել վերնաշապիկը, փողկապը, կրակայրիչը, դրամապանակը, այցեքարտերի գրքույկը, գոտիները և օծանելիքը: 

 

Ոչ մի դեպքում պետք չէ նվիրել համատեղ կյանքի հեռանկար խորհրդանշող իրեր, ինչպիսիք են ապագա բնակարանի կահավորման համար նախատեսված պարագաները: Ուշադրության նման նշանները կարող են խրտնեցնել տղամարդուն: Չէ՞ որ նա, գուցե, դեռևս պատրաստ չէ ավելի մտերիմ փոխհարաբերությունների: Բացի այդ' պետք չէ նվիրել հագուստ, որը նա սովորաբար չի կրում, նույնիսկ եթե ձեզ թվում է, որ այդ իրը նրան շատ կհամապատասխանի:

 

Ամուսնու համար նվեր ընտրելը, թերևս, ամենից հեշտն է, քանի որ դուք շատ լավ գիտեք նրա բոլոր «թուլություններն» ու չիրականացված երազանքները: Նրա համար լավագույն նվերը կլինի այն, որն առնչություն ունի իր հոբբիի հետ: Օրինակ' ձկնորսության սիրահարին կարելի է նվիրել ձկնորսության պարագաներ, արվեստի սիրահարին՝ համապատասխան գրականություն, երաժշտություն և այլն: Եթե ձեր ամուսինը վաղուց ցանկանում է զբաղվել սպորտով, ապա կարող եք նրան նվիրել համապատասխան մարզաձևի հաճախման կտրոն կամ մարզահագուստ և այլ պարագաներ:


Ամուսնուն նույնպես կարելի է նվիրել «ձեր երկուսի համար» տեսակի նվերներ: Իհարկե, դա պետք է արվի այն դեպքում, եթե դուք սիրում եք միմյանց և հաճույքով եք ժամանակ անցկացնում երկուսով:


Ամուսնուն պետք չէ նվիրել այնպիսի իրեր, որոնք հիշեցնում են ընտանեկան պարտականությունների մասին, ինչպիսին է գործիքների հավաքածուն: Պետք չէ նվիրել նաև առաջին անհրաժեշտության պարագաներ՝ գուլպաներ, թաշկինակներ, ներքնազգեստ և այլն: Դա դուք կգնեիք առանց որևէ առիթի...

 

Նվեր ղեկավարին


Ղեկավարի համար նախատեսված նվերը պետք է միաժամանակ լինի չեզոք և ձեր հարգանքն արտահայտող: Բացարձակ պարտադիր չէ, որ նվերն օգտակար լինի, քանի որ ձեր ղեկավարը, ամենայն հավանականությամբ, ունի բոլոր անհրաժեշտ պարագաները: Լավագույնը գրասենյակային հուշանվերներն են, և նախընտրելի է, որ դրանք գոնե թեթևակի համապատասխանեն նրա գործունեության ոլորտին: Ընդ որում նվերի գինը նույնպես էական չէ, դա ավելի շատ պետք է համապատասխան լինի ձեր եկամուտներին: Պետք չէ վերջին կոպեկները տրամադրել ղեկավարին նվեր գնելու համար, քանի որ նա շատ լավ ծանոթ է ձեր ֆինանսական հնարավորություններին, և չափազանց առատաձեռնությունը կարող է նույնիսկ բացասական վերաբերմունքի արժանանալ նրա կողմից: Միևնույն ժամանակ եթե նա ձեզ վճարում է ինչպես հարկն է, իսկ դուք նրան չնչին մի բան եք նվիրում, դա կարող է վիրավորանքի տեղիք տալ:


Բոլոր ղեկավարների համար հարմար նվերներ են գրիչները, օրագրերը և այլ յուրօրինակ գրենական պիտույքները: Դրանք նա, անկասկած, կօգտագործի աշխատանքի ժամանակ, իսկ եթե նույնիսկ չօգտագործի էլ, ապա կարող է հանգիստ նվիրել այլ ղեկավար անձանց:


Ղեկավարին պետք չէ նվիրել անձնական օգտագործման իրեր: Դրանք համարվում են շատ ինտիմ նվերներ և տեղին չեն աշխատանքային միջավայրի համար:

 

Նվեր մտերիմ ընկերոջը


Մտերիմ ընկերոջը կամ հարազատին կարելի է նվիրել գրեթե ամեն ինչ. ալկոհոլային խմիչքներ, տնային կենցաղի պարագաներ, գրքեր, առաջին անհրաժեշտության իրեր և այլն:


Մտերիմ ընկերները, որպես կանոն, կգնահատեն հումորի զգացումով արված նվերները, ինչպիսիք են՝ ծաղրանկար­ արձանիկները, կատակ­գրառումներով սպասքը և այլն: Պարզապես աշխատեք, որ հումորը նրանց համար վիրավորական չլինի: Մտերիմներին պետք չէ նվիրել ընտանի կենդանիներ, նույնիսկ եթե գիտեք, որ նա վաղուց երազում է դրա մասին: Կենդանի էակի ձեռքբերումը շատ պատասխանատու քայլ է, որին պետք է համաձայն լինեն նրա ընտանիքի բոլոր անդամները:

 

Նվեր ծանոթին


Ծանոթի համար նախատեսված նվերը պետք է բացառապես չեզոք լինի՝ առանց որևէ ակնարկի: Այդպիսի նվեր կարող է լինել տեսասկավառակը կամ վերջին հիթերի ձայնասկավառակը: Լավ կլինի, իհարկե, գոնե մոտավոր պատկերացում ունենալ նրա թուլությունների մասին: Եթե տղամարդն ունի ընտանի կենդանի, ապա կարելի է նվիրել վերջինիս խնամքի համար անհրաժեշտ որևէ պարագա կամ համապատասխան գրականություն:


Ծանոթներին պետք չէ նվիրել շատ թանկարժեք նվերներ: Դա անելով' դուք մարդուն վատ վիճակի մեջ կգցեք, քանի որ նա, գուցե, հնարավորություններ չունի նման կերպով պատասխանելու ձեր նվերին:


Բոլոր դեպքերում հիշեք, որ յուրաքանչյուր նվեր ավելի է արժեվորվում զուգահեռ ասված մի քանի գեղեցիկ խոսքով և ձեր գրավիչ ժպիտով...