Հայկական զինված ուժերի կողմից իրականացված հատուկ մարտական գործողության արդյունքում լուծվեց խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների աճյունները վերադարձնելու հարցը: Զոհված սպաների ընտանիքների կորուստն անդառնալի է և դժվար է սփոփանքի խոսքեր գտնել նրանց վիշտը մեղմելու համար: Այդուհանդերձ, այսօրվանից արդեն անհրաժեշտ է լրջորեն մտորել հետագա անելիքների մասին: Թե ինչպիսին կլինի առաջիկա ամիսներին մեր զինուժի պահվածքը ճակատային գծում, թերևս՝ մինչև նոր քաղաքական մոտեցումների ձևավորումը, ռազմական հրամանատարության լուծելիք հարցն է: Մինչդեռ կյանքը հաստատում է, որ այս կարգի միջադեպերը արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ վարվող բանակցություններում Հայաստանի դիրքորոշման իրավա-քաղաքական, գաղափարական հիմնատարրերի գործնական կռնատության ծնունդ են: Դիվանագիտական ճակատում ունեցած «անմեղ» սայթաքումները հենց ռազմաճակատի գծում են հանգեցնում մարդկային կորուստների:
Արման Մելիքյան