Նոյեմբերի 20-ին ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելությունը Մշտական խորհրդի նիստին հանդես եկավ հայտարարությամբ' Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման վերաբերյալ:

 


Անդրադառնալով Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ուսումնական թռիչք իրականացնող ՄԻ-24 ուղղաթիռի կործանմանը՝ հայկական կողմը տեղեկացրեց, որ Ադրբեջանը խոչընդոտում է փրկարարական խմբերի փորձերը' մոտենալու ուղղաթիռի անկման վայրին՝ անընդհատ հրաձության տակ պահելով տեղանքը:

 


Ընդգծվեց, որ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ներկայացուցիչների փորձերը' ներգրավվելու անձնակազմի անդամների տարհանման և տեղանքի դիտազննման աշխատանքներին, մերժվել են Ադրբեջանի կողմից: Դրանով իսկ Ադրբեջանը խախտել է Ժնևի կոնվենցիայի հանձնառությունները, որոնք նախատեսում են հակամարտությունների բոլոր կողմերի պարտավորությունը' առանց որևէ հետաձգման ձեռնարկելու բոլոր հնարավոր միջոցները' փնտրելու և հավաքելու վիրավորներին, հիվանդներին և զոհվածներին:

 


ՀՀ առաքելությունը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին հավատարիմ մնալ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին և դադարեցնել անձնակազմին մոտենալը կանխարգելելուն միտված զինված գործողությունները: Շեշտվեց, որ Ադրբեջանը կրում է ողջ պատասխանատվությունն իրավիճակի սրման համար:

 

 


Սասուն Հովհաննիսյան