Ընդդիմության, ավելի ճիշտ ոչ իշխանության միասնականության ճգնաժամը խորացնում է իր արմատները: Սկզբում ՀԱԿ-ն է հայտարարություն տարածում ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստի կապակցությամբ, այսօր էլ «Ժառանգության» առաջնորդն է հայտարարություն տարածում ընդհանրապես եռյակի միասնականության ու այլ հարցերի կապակցությամբ:
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը իրավամբ արտացոլում է եռյակում տիրող ռեալ իրավիճակը:

 

Ենթադրելի է, որ ձևով միասնական, բայց բովանդակությամբ հակասական գործողությունները ի վերջո բերելու են եռյակի պառակտման, ինչը ի զարմանս բոլորի սպասվում էր հենց ստեղծման պահից:
Թերևս արժանահիշատակ է նաև ԲՀԿ մամլո խոսնակի արձագանքը Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, որ քաղաքական ուժերից յուրաքանչյուրի իրավունքն է ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային և հրապարակային միջոցառում: Բա ուր մնաց միասնականությունը:

 


Սակայն պարիտետը պահելու համար լավ կլիներ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության վերաբերյալ ՀԱԿ-ն էլ հայտարարությամբ հանդես գար: Հիշեցնեմ, որ ՀԱԿ-ն էլ դեկտեմբերի 10-ին նախատեսել է երթ անցկացնել որի համար իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան:
Այսպիսով՝ ինչ է ստացվում, ԲՀԿ-ն լծված է «համաժողովրդական շարժման» մարզային շտաբերի ձևավորմամբ, «Ժառանգությունը» միասնականության փնտրտուքներով հանրահավաքներ է անելու, իսկ ՀԱԿ-ը երթ: Միայն թե անհասկանալի մնաց «Ժառանգության» հանրահավաքին կամ ՀԱԿ-ի երթին մյուս ուժերի կողմնակիցները մասնակցելո՞ւ են:

 


Մի խոսքով Կռիլովի առակի համաձայն ոչ իշխանական սայլը տեղից «շարժվում է»:
Հ.Գ. չենք ուզում ենթադրել, որ այս ամենը տակտիկական քայլեր են, համաձայնեցված են միամյանց հետ: Սակայն կարող ենք ենթադրել, որ սրանք քայլեր են որպեսզի պահպանվի արհեստական թեժություն հանրային հիասթափությունից խուսափելու համար:

 

 

 

Վահագն Սարոյան