Հայ կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Մեծի Տանն Կիլիկիո Հայ կաթողիկե պատրիարքության կաթողիկոս–պատրիարք Պողոս Պետրոս ԺԳ Թերզյանը (1910–31) Մեծ եղեռնի օրերին գնում է Հռոմ, Բենեդիկտոս XV (1914-22) պապին աղերսում, որ նա դիմի քրիստոնյա մեծ պետություներին' Գերմանիային, Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն: Պապն ասում է. «Այդ քրիստոնյա մեծ երկրներն են ձեզ կոտորողները, որի՞ն դիմեմ»:

 

 

Բենեդիկտոս XV-ը 1915թ. սեպտեմբերի 10-ին նամակ է գրում Օսմանյան կայսրության սուլթան Մեհմեդ V-ին (1909–1918թթ.), ուր կոչ է անում մեծահոգություն ու խղճմտանք ցուցաբերել հայության նկատմամբ եւ վերջ տալ նրանց տառապանքներին:

ՀՌՈՄԻ ՊԱՊԻ ՆԱՄԱԿԸ ՍՈՒԼԹԱՆ ՄԵՀՄԵԴ V- ԻՆ

 

 

«Այն ժամանակ, երբ ահավոր պայքարի, որում ներգրավված է Ձերդ գերազանցության հզոր կայսրությունը Եվրոպայի հզոր ազգերի հետ, սարսափներով պատճառված ցավը կեղեքում է մեր սիրտը, մեզ է հասնում նաեւ մի ողջ ժողովրդի հառաչանքի արձագանքը: Այդ ժողովուրդն օսմանյան հսկայական տարածքում անպատմելի տառապանքների է ենթարկվում: Հայ ժողովուրդն արդեն տեսել է, թե ինչպես է իր զավակների մի մեծ մասն ուղարկվել պատժի, որոնց թվում են նաեւ բազմաթիվ հոգեւոր սպասավորներ, նույնիսկ մի քանի եպիսկոպոսներ, որոնք կամ ձերբակալվել են, կամ՝ աքսորվել:

 

 

Հիմա մենք իմանում ենք, որ գյուղերի ու քաղաքաների ողջ բնակչությունը պետք է լքի իրենց տները, որպեսզի անասելի դժվարություններով ու տառապանքով հասնի հառավոր վայրեր, որտեղ էլ նրանց հոգեկան տառապանքներին կգումարվեն նաեւ աղքատությունն ու սովը: Մենք կարծում ենք, որ այս անիրավությունները կատարվում են հակառակ Ձեր կառավարության կամքի: Ուստի մենք վստահությամբ ենք դիմում Ձերդ գերազանցությանը եւ կոչ անում մեծահոգություն ու խղճմտանք ցուցաբերել եւ միջամտել ի շահ մի ժողովրդի, որը նույնիսկ իր հավատքի ուժով ստիպված է հավատարիմ մնալ ձեր երկրին: Եթե հայերի թվում կան դավաճաններ կամ հանցագործներ, թող նրանք օրինական դատապարտվեն ու պատժվեն: Սակայն, Ձերդ գերազանցություն, թույլ մի տվեք , որպեսզի անմեղ մարդիկ պատժվեն եւ արեք այնպես, որ նույնիսկ ճանապարհից շեղվածներն օգտվեն Ձեր ինքնիշխան մեծահոգությունից:

 


Ասացեք Ձեր խաղաղության եւ ներման խոսքը, հզոր եւ ոգեշնչող, եւ հայ ժողովուրդը, հավաստիանալով, որ այլեւս չի տառապելու բռնությունից ու հետապնդումից, կօրհնի իր հովանավորի օգոստոսափառ անունը:
Այս հույսով ենք մենք Ձերդ գերազանցությանը խնդրում ընդունել մեր լավագույն մաղթանքները, որոնք մենք հղում ենք Ձեր բարօրության եւ Ձեր ժողովուրդների երջանկության համար:

Վատիկան
1915 թ. սեպտեմբերի 10